Աղետ, որը կարող է պատուհասել մեզ Վաշինգտոնից

Իշխանության գալուց հետո, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Նիկոլ Փաշինյանն սկզբում ասում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ մեր ժողովուրդը ոչինչ չունի զիջելու և ինքն է որոշելու:

Ավելի ուշ, երբ բացահայտեց, թե Բաքվի բռնապետը «քաղաքակիրթ» մարդ է, որի հետ հնարավոր է բանակցել և հասնել հակամարտության խաղաղ լուծման, նա միանգամից վերանայեց իր «սկզբունքային» դիրքորոշումը՝ հայտարարելով.  «Որոշումները պետք է ընդունելի լինեն Հայաստանի ժողորդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Արցախի ժողովրդի համար»:

Իսկ հիմա, երբ հանձնել է Արցախը՝ ազատվելով «ծանր բեռից», երբ արդեն խոսք անգամ չկա Հայաստանի և Արցախի շահերի մասին, երբ Հայաստանի և Արցախի ժողովուրդների պահանջներն առ ոչինչ են հայտարարված, Փաշինյանը հայտարարում է, թե. «Խաղաղության հասնելու համար մեր պարամետրերը կարող են հայ ժողովրդի համար ընդունելի չլինել», գրում է «ԱԼԻՔ»-ը:

Նրա նման հայտարարությունը փաստացի խոստովանություն  է այն մասին, որ.

Ա. Այսպես կոչված «խաղաղության» պայմանագրիկ այն տարբերակը, որն այսօր բանակցվում է թշնամու հետ, ընդունելի չի լինելու և մերժվելու է հայ ժողովրդի մեծամասնության կողմից,

Բ. Ինքը և  իր գլխավորած քաղաքական թիմը վերջնականապես ադրբեջանաթուրքական ակցանի մեջ են առնված իրենս իսկ վարած անվտանգային և դիվանագիտական դիլետանտ և անսկզբունք քաղաքական արդյունքում,

Գ. Իսկ ամենակարևորը՝ անցյալ երեք տարիների ընթացքում, ՀՀ գործող իշխանությունների կողմից կատարված տարածքային, դիրքային և սկբունքային միակողմանի զիջումներն այլևս չեն բավարարում թշնամուն, և որ նա ցանկանում է ձեռք բերել հնարավոր  առավելագույնը:

Եվ հենց Փաշինյանի այս վերջին հայտարարությունների ֆոնին է, որ անհրաժեշտ է անդրադառնալ օրերս ԱՄՆ պետքարտուղարի միջնորությամբ և աչալուրջ վերահսկողությամբ, 4 օր տևած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցույթւններին, որի ընթացքում քննարկվել են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթին առնչվող հարցեր:

Նախ պետք է նշենք, որ բանակցությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ պաշտոնական Վաշինգտոնը փորձում է հնարավորինս գործընթացն արագացնել և հասնել երկու երկրների ղեկավարների մակարդակով առաջիկա հանդիպման  ընթացքում փաստաթղթի ստորագրման:

Իսկ հետո ուշադրություն է պետք դարձնել հատկապես այն նպատակներին, որոնց ըստ տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ ձգտում է  հասնել Վաշինգտոնը:

«ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում»,- հաղորդել էր «Ամերիկայի ձայն»-ը, որն ավելի վաղ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր. «ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը:

ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններում կան երկու չափազանց մտահոգիչ հանգամանքներ.

Ա. «էթնիկ փոքրամասնություն» ձևակերպումն է (թեև այդ մասին տեղեկատվությունը ավելի ուշ հեռացվել է կայքից): Սա նշանակում է, որ պաշտոնական Երևանը համաձայն է Բաքվի այն պնդմանը, որ արցախահայությանը պետք է դիտարկել որպես Ադրբեջանի տարածքում ապրող էթնիկ փոքրամասնութուն, այլ ոչ թե իր հայրենիքում ապրող ժողովրդի, որն ինքնորոշվել և ստեղծել է անկախ պետականություն:

Դրանից բացի, կարելի է ենթադրել, որ Միրզոյանը Բայրամովի հետ քննարկել է նաև ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը, և «էթնիկ փոքրամասնություններ» ձևակերպումը վերաբերում է նաև նրանց:

Երկու կարծիք լինել չի կարող. սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի համար:

«Էթնիկ փոքրամասնություններ» ձևակերպումը ոչ միայն Արցախից դե-ֆակտո հրաժարվելու մասին է վկայում, այլ, նաև, Հայաստանի արդեն իսկ կազմաքանդված անվտանգային մթնոլորտի վերջնական ոչնչացմանն է վերաբերում:

‎Բ. խոսքը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան «միասնական անվտանգային համակարգի» ստեղծման մասին ոչ պակաս մտահոգիչ ակնարկին:

Անհասկանալի է, թե դա ի՞նչ միասնական համակարգ է, թե ինչպե՞ս է հնարավոր Հայաստանին և Ադրբեջանին պատկերացնել միևնույն անվտանգային համակարգում և, թերևս, ամենակարևորը. ի՞նչ նպատակներ է հետապնդելու և ում դեմ է ուղղված լինելու այդ համակարգը:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, միանշանակ կարելի է պնդել, որ մեկնարկել է մի գործընթաց, որն անհամատեղելի է Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի պետական, անվտանգային և ազգային շահերի հետ: Անզեն աչքով անգամ կարելի է տեսնել, որ մեկնարկած գործընթացը արհավիրք ու աղետ է լինելու հայոց պետականության համար:

ՀՀ գործող իշխանությունները Հայաստանին ուղղակիորեն ներքաշում են գերտերությունների միջև ընթացող աշխարհաքաղաքական առճակատման մեջ:

Ռուսաստանի դեմ Արևմուտքը բոլոր ճակատներով պատրաստվում է նոր գրոհի: Ներդրվում են առավելագույն ջանքերը, օգտագործվում են բոլոր հնարավորությունները:

Նոր ճակատը Հարավային Կովկասն է, իսկ հնարավոր միջոցը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:

Չպետք է աչքաթող անել այն հանգամանքը, որ ԼՂ հակամարտությունը աշխարհի ամենաանկանխատեսելիներից մեկն է: Բավական է հիշենք, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից ի վեր կողմերը քանի՞ անգամ են մոտ եղել ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջին պահին խափանվել է:

Սցենարի նման ավարտ առավել քան երբևէ հնարավոր է նաև այսօր, մանավանդ, երբ թշնամին իր բոլոր նպատակներին հասնում է ուժի գործադրմամբ, իսկ ՀՀ գործող իշխանությունները լծված են նրանց շահերի սպասարկմանը, ցանկությունների և պահանջների ի կատար ածմանը:

Հիմա եթերում