Ախորժակը բացվում է ուտելիս. Սերգեյ Մարկելովը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի նոր պահանջի մասին
07 Նոյեմբերի 2023, 21:15
Ռուս քաղտեխնոլոգ Սերգեյ Մարկելովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից 8 գյուղ է պահանջել:
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը մինչև վերջ շարունակելու է ինչ-որ բան պահանջել։
«Ադրբեջանը մինչև վերջին մետրը կհորինի, որ Հայաստանն իրեն պարտք է, որովհետև նա ուժ է զգացել, որովհետև հաղթել է։ Ադրբեջանն այս իրավիճակում ավելի ուժեղ է պարզապես ֆիզիկապես, քանի որ զինված է։ Թուրքիան, ԵՄ-ն և, հնարավոր է, ԱՄՆ-ն Ադրբեջանին հուշեցին, որ Հայաստանին կարելի է հաղթել այն իրադարձությամբ, որն ի վերջո տեղի ունեցավ, երբ իրականացվեց տարածքի զավթումը։ Ադրբեջանը շարունակելու է դա մինչև վերջ, քանի որ այդ իրավիճակի արտաքին գնահատականները, ցավոք, Ադրբեջանի կողմից են», — նշել է Մարկելովը։
«Հիմա էլ 8 գյուղ են հնարել, հետո ինչ-որ մետրեր կհնարեն, ցանկապատեր կսկսեն տեղաշարժել, քարե պատեր կառուցել և այլն։ Այսինքն՝ այն ամենը, ինչ հիմա կարելի է անել այս տարածքային, պայմանականորեն, ինչպես իրենք են կարծում, հաղթանակի շրջանակներում, իրենք անելու են։ Այս ամբողջ պատմության մեջ ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը չգիտի, թե ինչով կավարտվի այս ամենը։ Ախորժակը բացվում է ուտելիս և հիմա Ադրբեջանի մոտ հենց այդ վիճակն է։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռնտու է Բաքվի այսօրվա ղեկավարությանը։ Այս ամենն արվում է հանուն Ալիևի ավտորիտար ռեժիմի ամրապնդման, ադրբեջանական ներքին օրակարգի պահպանման։ Եվ Հայաստանն այստեղ դարձել է հենց այդ նպատակի պատանդը։ Էրդողանին ոչ մի Ղարաբաղ պետք չէ։ Այդ պատմությունը պետք է միայն Ալիևների ընտանիքի համար, որոնք վերահսկում են Ադրբեջանը», — ընդգծել է քաղտեխնոլոգը։
«Ինչ էլ անի Բաքուն, Ղարաբաղի հետ կապված ամբողջ պատմությունը կլինի Ադրբեջանի պատմական անեծքը բոլոր դարերի համար», — եզրափակել է Մարկելովը: