Այդ գործողությունը ոչ մեկի դեմ չէր, դա լուռ ակցիա էր․ Սարգիս Զելվեյանը՝ ԱՄՆ Սուրբ Ղևոնդյաց եկեղեցու միջադեպի մասին

13 Փետրվարի 2026, 23:30

Քաղաքականություն

ԱՄՆ հայ համայնքի ակտիվիստ, գործարար Սարգիս Զելվեյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Ղևոնդյաց եկեղեցում տեղի ունեցած միջադեպին ու թեմակալ առաջնորդի կողմից տարածված հայտարարությանն՝ այն որակելով որպես «ծայրից ծայր սուտ»։

Սարգիս Զերվյանի պարզաբանմամբ՝ համայնքի հավատավոր ներկայացուցիչները հավաքվել էին եկեղեցու բակում՝ իրենց զորակցությունը հայտնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նա հերքել է այն տեղեկությունը, թե տեղի է ունեցել «ներխուժում» կամ ագրեսիվ գործողություն։

«Օրվա գործողությունը ոչ մեկի դեմ չէր, այլ ի աջակցություն Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին։ Պաստառների վրա ոչ մի ագրեսիվ բան չկար, դա լուռ ակցիա էր»,-նշել է Զելվեյանը։

Նրա խոսքով՝ լարվածությունը ստեղծվել է ոչ թե հավատացյալների, այլ ծխական խորհրդի որոշ անդամների պատճառով, որոնք փորձել են արգելել նկարահանումները և մարդկանց հեռացնել եկեղեցու տարածքից։

«Մենք մեր եկեղեցու բակում գտնվելու համար ոչ մեկից արտոնություն ստանալու կարիք չունենք։ Եկեղեցին պատկանում է հավատավոր ժողովրդին։ Տեր հայրն ու թեմակալ առաջնորդը տիրակալ չեն, նրանց առաքելությունը հոգևոր սպասարկություն մատուցելն է»,- ընդգծել է նա։

Զելվեյանը նաև հայտնել է, որ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ փորձում են հանդիպել թեմակալ առաջնորդի հետ, սակայն վերջինս խուսափում է երկխոսությունից։ Փոխարենն, ըստ նրա, տարածվում են հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Համայնքային գործիչը հույս է հայտնել, որ հոգևոր հովիվը կկարողանա ի վերջո ապահովել հանդիպումը թեմի առաջնորդի հետ, քանի որ կուտակված հարցերը պահանջում են անհապաղ պարզաբանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում