Այդ հրամանագիրը իրավական ուժ չունի, ստորագրվել է սպառնալիքի ներքո. Գևորգ Դանիելյան

28 Սեպտեմբերի 2023, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Արցախի նախագահի ստորագրած հրամանագիրը, ըստ որի, 2024 թ-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետություն այլևս գոյություն չի ունենա, որևէ իրավական ուժ չունի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է իրավաբան, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Այդ հրամանագիրը իրավական ուժ չունի, քանի որ յուրաքանչյուր իրավական ակտ կարող է չեղարկել այն մարմինը, որն այդ հրամանագիրն ընդունում է: Այսինքն, Արցախի Հանրապետությունը չի հիմնադրվել Արցախի նախագահի որևէ հրամանագրով և չէր էլ կարող չեղարկվել: Գովելի է այն փաստը, որ նախագահը ընդգծում է՝ դա ստորագրվել է սպառնալիքի ճնշման տակ: Սա ևս վկայում է, որ հրամանագրի ստորագրումը որևէ իրավական արժեք չունի»,- ասել է իրավաբանը:

Նրա փոխանցմամբ՝ իրավասու մարմինները կարող են դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան, որը կարող է նիստ անել և այդ հրամանագիրը ճանաչել անվավեր և հակասահմանադրական:

«Ես միայն կարող եմ ողջունել հրամանագիրն այն տեսանկյունից, որ գոնե բովանդակային կտրվածքով բացահայտում է, որ դա եղել է սպառնալիքի ազդեցության ներքո»,- եզրափակել է Դանիելյանը: