Այժմ ԱՄՆ-ում չկա նոր Վուդրո Վիլսոն, որը կպաշտպանի հայկական շահերը. Ալեքսեյ Անպիլոգով

19 Օգոստոսի 2023, 18:00

Կարծիք | Քաղաքականություն

Alpha Newsroomուղիղ եթերում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովն ընդգծել է, որ այժմ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունը չեն կռվի ինչ-որ մեկի կողմից այս երկկողմ հակամարտությունում:

«Չկա միասնական դիրքորոշում, որը Անվտանգության խորհուրդը նախ կարող է ձևակերպել, երկրորդ՝ պարտադրել։ Հիմա ԱՄՆ-ում չկա նոր Վուդրո Վիլսոն, որ նա ինչ-որ կերպ պաշտպանի հայկական շահերը, չկա նույնիսկ ուժեղ հայկական լոբբի, որը կարողանա առաջ տանել նման դիրքորոշում։ Ինչպես տեսնում ենք նաև Ֆրանսիայում, որտեղ ի սկզբանե միշտ եղել է ուժեղ հայկական լոբբի, բայց հիմա ֆրանսիական դիրքորոշումը, այսինքն՝ նույն ֆրանսիացիները, պայմանականորեն ասած, ավելի շատ մտահոգված են նիգերով, քան Լեռնային Ղարաբաղով և նրանով, որ նրանք ուրան կկորցնեն իրենց ատոմակայանների համար։ Այո՛, բոլորը փորձում են աջակցել, բայց որ ինչ-որ մեկը հանդես գա, էական հայտարարություններ անի, մենք դա չենք տեսնում։ Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ, նույնիսկ, Ռուսաստանի Դաշնությունը այժմ չեն կռվի ինչ-որ մեկի կողմից այս երկկողմ հակամարտությունում»։

Պատասխանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումների նմանության մասին Alpha News-ի հարցին՝ Ալեքսեյ Անբիլոգովը նշել է, որ ռուսական դիրքորոշումը շատ ավելի հայամետ է, և հենց Ռուսաստանն է ապահովել հայկական ինքնության պահպանումը Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի շուրջ վերջին հակամարտությունում:

«Բայց հիմա Ռուսաստանի ձեռքերը կապված են, և դա պետք է գիտակցել։ Մենք հո չենք փորձելու Ռուսաստանին նայել Հայաստանի պրիզմայով։ Պետք է Հայաստանին նայել Ռուսաստանի պրիզմայով և հասկանալ, թե ինչ խնդիրներ ունի Ռուսաստանն այժմ։ Ռուսաստանի հիմնական խնդիրը, անշուշտ, Ուկրաինան է, այն ավելի մոտ է, մշակութային առումով կապված է Ռուսաստանի հետ։ Նույնիսկ եթե անվտանգության տեսանկյունից նայենք, պայմանականորեն ասած, Խարկովի ամերիկյան ռազմակայանը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, շատ ավելի կարևոր է, քան Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայությունը։ Այսինքն, Գյումրին, իհարկե, կարևոր է, բայց Խարկովում ամերիկացիները պարզապես դանակ են ամբողջ Ռուսաստանի Դաշնության կողի տակ։

Եվ հիմա պատկերացնել, որ ռուսական բանակի երկու օդադեսանտային բրիգադները ծավալվում ենեն Լեռնային Ղարաբաղի պարագծով, որն, ի դեպ, չճանաչված է հենց Հայաստանի կողմից, ֆանտաստիկայի ոլորտից է։ Այժմ Ռուսաստանը դաշնակիցներ է փնտրելու հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։ Ընդ որում, հետևելով Սմոլենսկի հրապարակի և ԱԳՆ-ի գործադրած ջանքերին, նա ջանում է պաշտպանել հենց ապագայի հայկական նախապատվությունը։ Բայց այստեղ պետք է հասկանալ, որ ռուսները չեն կարող ավելի մեծ հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Այսինքն, երբ հայկական ղեկավարությունն ասում է, որ ամեն ինչ պետք է լինի ադրբեջանական օրենքներով, Ռուսաստանի Դաշնությունն այդ պահին, պարզապես, կարող է ժամանակ չունենալ իր տեսակետը հայտնելու համար։ Ես՝ որպես քաղաքագետ, կարող եմ խոսել էթնոցիդի մասին, խոսել Ադրբեջանի իրական ծրագրերի մասին, նշել Լաչինի միջանցքի փակուղին և Բաքվի հայտարարությունները` Աղդամով ճանապարհի մասին։

Ես կարծում եմ, որ այժմ Ռուսաստանը փնտրում է ցանկացած տարբերակ, դիրքորոշման ցանկացած թուլություն, որպեսզի պահպանի գլխավորը՝ ազգային ինքնությունը, որը գոյություն ունի 120 000 հայերի մոտ, որոնք դեռ մնում են Ստեփանակերտում և նրա շուրջը։

Ազգային ինքնիշխանության իմաստը կարելի է սահմանափակել միայն միջազգային օրենքներից ելնելով, ասենք՝ մարդու իրավունքներից ելնելով։ Պետք է հասկանալ, որ այն պահին, երբ մենք ասում ենք «Ա», մենք ասում ենք նաև «Բ»: Այն պահին, երբ հայկական ղեկավարությունն ասում է, որ «Ա»-ն հայկական տարածք չէ, այլ Ադրբեջանի տարածք, այդ ժամանակ պետք է ասել նաև «Բ»՝ Ադրբեջանը պետք է անշեղորեն պահպանի ոչ միայն բոլոր տառերը, այլև բոլոր միջազգային օրենքների ոգին՝ կապված ցեղասպանության, մարդու իրավունքների, փոքր ժողովուրդների իրավունքների պահպանման հետ և այլն», — ընդգծել է քաղաքագետը։