Այժմ ավելի շատ ձեր աջակցության կարիքն ունեմ․ Խաչանովը՝ երկրպագուներին

06 Սեպտեմբերի 2023, 19:08

Սպորտ

Օլիպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 11-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը մեկնաբանել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում անհաջող ելույթը: US Open-ի նախորդ տարվա կիսաեզրափակչի մասնակիցն առաջին շրջանում 2:6, 4:6, 2:6 հաշվով պարտվել էր ամերիկացի Մայքլ Մմոյին:

«Շնորհակալ եմ US Open-ին և հրաշալի երկրպագուներին, որ «Մեծ սաղավարտի» այս մրցաշարը սիրելի դարձրին ինձ համար: Այս տարի ես այլ զգացողություններ ունեի: 3 ամսվա բացակայությունից հետո որոշում կայացրի վերադառնալ մեծ կորտ և նորից զգալ այդ էներգիան: Շատ էի ցանկանում խաղալ այստեղ: Ցավոք, ժամանակի սղության պատճառով չկարողացա նորմալ նախապատրաստվել: Գիտեմ, որ նույնիսկ մոտ չեմ իմ լավագույն մարզավիճակին, դրա համար ժամանակ է հարկավոր:

Ես նորից կխորհրդակցեմ բժիշկներիս հետ, որպեսզի համոզված լինեմ, որ 100 տոկոսով առողջ եմ: Դրանից հետո կշարունակեմ նախապատրաստվել ասիական մրցաշարերին, քրտնաջան կաշխատեմ, որպեսզի հնարավորինս արագ մարզավիճակ հավաքեմ: Այժմ ավելի շատ ձեր աջակցության կարիքն ունեմ: Մինչև նոր հանդիպում»,- գրել է թենիսիստը:

Հիմա եթերում