Այժմ պետք է գտնել մեկին, որը կլինի Ռայիսիի նման հեղինակավոր. իրանագետ

20 Մայիսի 2024, 22:30

Քաղաքականություն

Ես առավել տրամաբանական եմ համարում հենց դժբախտ պատահարի վարկածը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է իրանագետ Ժաննա Վարդանյանն՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարին, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռի ամբողջ անձնակազմն ու բոլոր ուղևորներն՝ այդ թվում Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը։

«Այս պահի դրությամբ դեռ չկա վերջնական տեղեկատվություն, թե որն է եղել վթարի պատճառը: Բայց նախնական վարկածով, վթարը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով է եղել: Այդ տարածաշրջանում բավականին անբարենաստ էին եղանակային պայմանները, մառախլապատ էր, ինչը հավանական է դարձնում այն, որ վթարը տեղի է ունեցել հենց այդ պատճառով և ոչ թե արտաքին միջամտությամբ կամ այլ գործոնների հետևանքով:

Երևի ամենահավանականը իսրայելական հետք փնտրելն է, բայց ամեն դեպքում դա ևս հստակ ապացուցված չէ: Ճիշտ է, իրանական մամուլի մակարդակով կան որոշակի գրառումներ, որոնք փորձում են մատնացույց անել Իսրայելին, բայց դրանք բավականին քիչ են ու պաշտոնական մակարդակով որևէ նման ցուցիչ չկա, որ սլաքներն ուղղում են Իսրայելի կողմ:

Ես առավել տրամաբանական եմ համարում հենց դժբախտ պատահարի վարկածը: Իսրայելն ունի Իրանի տարածքում կամ դրանից դուրս, իրանցի պաշտոնյաների, Իրանի օբյեկտների նկատմամբ դիվերսիաներ, հարձակումներ գործելու բավականին մեծ փորձ, բայց տվյալ դեպքում դեռ նման հստակ ցուցիչներ չկան՝ պնդելու, որ սրա հետևում Իսրայելն է կանգնած»,- ընդգծել է իրանագետը:

Վարդանյանը կարծում է՝ Իրանում անցնցում նոր նախագահ կընտրեն։

«Ըստ Իրանի Սահմանադրության՝ եթե նախագահը մահանում է կամ ի վիճակի չի լինում կատարել իր լիազորությունները, դրանք անցնում են առաջին փոխնախագահին, տվյալ դեպքում՝ Մոհամեդ Մոհբերին: Նա արդեն ստանձնել է այդ պարտականությունը: Առաջին փոխնախագահը, խորհրդարանի նախագահը և դատական իշխանության ղեկավարը ձևավորում են խորհուրդ, որը պետք է 50 օրվա ընթացքում ընտրություններ կազմակերպի, ու ընտրվի Իրանի՝ արդեն նոր նախագահը: Եթե դիտարկում ենք սա լայն առումով՝ Իրանի պետական համակարգը, պետական ինստիտուտները բավականին կայացած են, այսինքն՝ բոլոր նման հնարավոր դեպքերը հաշվի են առնվել ու մեխանիզմները կան, թե ինչպես պետք է գործել տվյալ իրավիճակում: Այս առումով կարելի է ասել՝ Իրանն անցնցում կունենա նոր նախագահ, նոր ԱԳ նախարար»,- ասել է Ժաննա Վարդանյանը:

Իրանագետը վստահ է, որ նախագահի փոփոխությունը որևէ կերպ չի ազդի երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա։

«Պետք է ընդգծել, որ, առհասարակ, Իրանում առաջնային դեմքն ու ամենակարևոր գործիչը հոգևոր առաջնորդն է, որի մակարդակով է սահմանվում երկրի քաղաքականությունը: Այս առումով՝ նախագահի փոփոխությունը չի ազդի երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա, որովհետև այդ քաղաքականությունը որոշվում է մի քանի ինստիտուտների հետ համատեղ, ու նախագահի ինստիտուտը դրանցից մեկն է ընդամենը, այլ ոչ թե առաջնայինը:

Հետևաբար, այս առումով՝ Իրանի պետական համակարգը կկարողանա հաղթահարել այս փուլը: Այժմ չկա Ռայիսին և պետք է գտնել մեկին, որը կլինի նոր Ռայիսի, կլինի նույնքան հեղինակավոր ու կկարողանա վայելել պահպանողական բոլոր ուժերի վստահությունը»,- ասել է մեր զրուցակիցը:

Հարցին՝ Հարավային Կովկասի վրա ի՞նչ ազդեցություն կունենա Էբրահիմ Ռաիսիի մահը, իրանագետը պատասխանել է․

«Իրանի քաղաքականությունը նախագահի ինստիտուտով չի պայմանավորված ու նախագահի մակարդակով չէր առաջ տարվում: Այստեղ կան շատ մի շարք այլ կարևոր ինստիտուտներ, նույն հոգևոր առաջնորդի ինստիտուտը, Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը, Ազգային անվտանգության խորհուրդը: Այս բոլոր ինստիտուտները շարունակվում են գործել, ու նույն նախագահի ինստիտուտն էլ է շարունակում գործել, արդեն կա պաշտոնակատար:

Անձի փոփոխությունը կարող է փոքր-ինչ ցնցում առաջացնել, օրինակ՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելիս, որովհետև ամիսներ առաջ էին խորհրդարանական ընտրություներ անցկացվել, բայց ավեի մեծ ցնցում, որը կարող է ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա, չեմ կարծում, որ կլինի»:

Հիմա եթերում