Այժմ Թրամփի քաղաքական կյանքում սկսվում է «չինական» փուլը․ Ալեքսեյ Մուխին
25 Սեպտեմբերի 2025, 23:00
Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Ուկրաինայի և Ռուսաստանի վերաբերյալ:
Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ոչինչ չի փոխվի, առավել ևս այն ֆոնին, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի կարիքն ունի Չինաստանի հետ հետագա բանակցություններում:
«Թրամփի հայտարարությունն արվել է, հավանաբար, ինչ-որ շատ ուժեղ հույզերի ազդեցության տակ։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում դա ոչինչ չի փոխի։ Մեր պաշտոնական հարաբերությունների շրջանակը վերականգնելու աշխատանքային խմբերն ինչպես աշխատել են, այնպես էլ աշխատելու են։ Դա պետք է հստակ հասկանալ։ Թրամփը, հնարավոր է, որոշակի վրդովմունք է հայտնել, որ հակամարտությունը չի լուծվում այնքան շուտ, որքան կցանկանար: Բայց, կարծես, ընդունման փուլը նա արդեն հաղթահարել է, և նրա վրդովմունքը դժվար թե որևէ քաղաքական հետևանք ունենա, մանավանդ որ Դոնալդ Թրամփը ստացավ այն, ինչ ուզում էր Ուկրաինայից և ստացավ այն, ինչ ուզում էր Եվրամիությունից:
Հիմա նրա պատմության մեջ սկսվում է այսպես կոչված «չինական» փուլը՝ նրա քաղաքական կյանքի մի շրջան, որտեղ նա հիմնական ուշադրությունը կկենտրոնացնի Չինաստանի վրա, իսկ Ուկրաինան ու Եվրոպական միությունը նրան ավելի ու ավելի քիչ են հետաքրքրելու։ Այդ պատճառով կարելի է չանհանգստանալ, որ Թրամփը ինչ-որ կերպ փոխել է Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության կուրսը։ Ռուսաստանը նրան պետք է, շատ անհրաժեշտ է Չինաստանի հետ առաջիկա բարդ բանակցություններում։ Պետք է ոչ թե որպես դաշնակից, այլ որպես չեզոք կողմ», — ընդգծել է Մուխինը։
Քաղաքագետի կարծիքով՝ Թրամփը չափազանց էմոցիոնալ է, և դա կարող է բացասական ազդեցություն ունենալ Ուկրաինայի և Եվրոպական միության կողմից իրականության ընկալման վրա:
«Նույնիսկ ուկրաինական բոտերը թեթև զարմանքի մեջ էին, ես նույնիսկ այն ծանր կանվանեի՝ Թրամփի հայտարարությունից հետո։ Սա չէր համապատասխանում այն թեզերին, որոնք նրանք ստիպված են օրեցօր հնչեցնել։ Դե չգիտեմ՝ որքան բարձր ու հուզական են էմոցիաները, այնքան քիչ իրական արդյունք է այն բերում։ Հետևաբար, կարծում եմ, որ այս զգացմունքային տատանումները, որոնք Թրամփը ակնհայտորեն չարաշահում է Ուկրաինայի և Եվրամիության հետ կապված, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։