Այն դիտարկում էի որպես հաղթանակների և լավ արդյունքների հասնելու տարբերակ. Սևիկյանը՝ «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու մասին

18 Հունվարի 2024, 14:40

Սպորտ

«Ֆերենցվարոշի» նորեկ, հայ ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը մեկնաբանել է իր տեղափոխությունը հունգարական ակումբ: Այս մասին գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

«Նիժնի Նովգորոդ»-ը հունվարի 17-ին հայտարարել է 22-ամյա կիսապաշտպանի՝ «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու մասին:

««Ֆերենցվարոշի» մասին իմացել եմ դեռ մի քանի տարի առաջ, երբ թիմը հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում։ Ես այն միշտ դիտարկել եմ որպես շատ հետաքրքիր տարբերակ և պարզապես ուզում եմ զարգանալ, սովորել միջազգային ասպարեզում, հասնել հաղթանակների և լավ արդյունքների:

Գիտեմ, որ ակումբն ամեն տարի պայքարում է չեմպիոնության համար, շատ տիտղոսներ կան թիկունքում։ Լսել եմ, որ երկրպագուները շատ ակտիվ աջակցում են։

Կոնֆերենցիաների լիգայում ցանկանում եմ շատ հեռուն գնալ, բայց նախ պետք է մտածել «Օլիմպիակոսի» հետ խաղի մասին, որն արդեն, կոպիտ ասած, մեկ ամիս անց է: Եվ այսպես, ցանկանում եմ, որ թիմն անցնի այնքան հեռու, որքան դա հնարավոր է»,-ասել է Սևիկյանը «Ֆերենցվարոշի» մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում:

«Ֆերենցվարոշը» կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում կմրցի «Օլիմպիակոսի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին Հունգարիայում:

Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը Նիժնի նովգորոդցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ: Նա «Նիժնի Նովգորոդ»-ում հանդես է եկել 2022 թվականից։

Հիմա եթերում