Այն, ինչ անում է Հայաստանի Կառավարությունը, խոսում է Արեւմուտքի շահերի մասին. Իգիթյանը՝ ՀԱՊԿ-ի դեմ հայտարարությունների մասին
26 Մայիսի 2023, 13:03
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը կարծում է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, որը դրսեւորվում է Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկելով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելով եւ ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չմասնակցելով:
«Նիկոլ Փաշինյանի ոճը պրովոկացիոն բնույթ ունի, ինքը փորձում է լեզվակռիվ ստեղծել եւ դրանով հիմնավորել, թե ինչու են հարաբերություններն այս կամ այն կողմ գնում»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Կարեն Իգիթյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խորհրդարանում արված հայտարարությանը, որում անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին եւ նշել, որ Մարիա Զախարովան չի կարող իմ ասածը մեկնաբանել, այլ պետք է միայն իր ասածն ականջին օղ անի:
Կարեն Իգիթյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի գործողություններն ու հայտարարություններն արվում են Արեւմուտքին հաճոյանալու համար:
«Այն, ինչ անում է Հայաստանի դե ֆակտո Կառավարությունը, խոսում է Արեւմուտքի շահերի մասին:
Իսկ Արեւմուտքի քաղաքականությունը տարածաշրջանում Հայաստանի մասին չէ, նրանց նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, հակառուսական ու հակաիրանական ճակատ ստեղծելը:
Եթե այդ ընթացքում օրինակ, ռուսական զորքերը դուրս գան այստեղից, իսկ Ադրբեջանն էլ գրավի Սյունիքը, ապա նրանց կշարունակեն այդ կետից, որովհետեւ դա մեծ բան չի փոխում մեծ խաղի մեջ:
Դրա համար այս քաղաքականությունը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար»,- նշեց Կարեն Իգիթյանը: