Այն, ինչ մի քանի օրում հասկացան 120 հազար արցախահայեր, նրանցից մի քանիսից 2,5 տարի պահանջվեց. Ստեփանյան
26 Հունվարի 2026, 18:39
Արցախում մնացած վերջին հայերը, որոնք 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին հավատում էին, թե կարող են ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո, այժմ հասկացան, որ դա սխալ է և անհնար։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Այն, ինչ մի քանի օրում պարզ դարձավ 120 000 մարդու համար, որոշների համար պահանջվեց 2,5 տարի՝ գիտակցելու, որ ադրբեջանական իշխանության ներքո ապրելը հավասարազոր է կյանքը վտանգի ենթարկվելուն»,- նշել է Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է, որ այս իրողությունը հանգեցրեց նրան, որ ողջ մնացած բնակչությունը՝ մի քանի տասնյակ մարդիկ, ամբողջությամբ տեղահանվել են և եկել Հայաստան։
Ստեփանյանը նաև հավելել է, որ դեռ հստակ տեղեկություն չունի, թե ովքեր են վերադարձել, բայց փաստն այն է, որ Արցախում այլևս հայ չկա։