Այն, ինչ պետք է տեղի ունենա Բաքվում, թատերական բեմադրություն է. Աշոտ Ղուլյանը՝ Բաքվում հայ բանտարկյալների դատավարության մասին
17 Հունվարի 2025, 14:30
Քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Բաքվի բանտում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման պահանջով ցույցը Alpha News-ին մեկնաբանել է որպես հանրային ինքնաբուխ պոռթկում:
«Երբ խոսքը վերաբերում է Արցախի անցյալին, ներկային և ապագային, կարևոր է, որ մենք տեր կանգնենք նաև այն ճանապարհին, որը մենք միասին անցել ենք, իսկ այդ ճանապարհին մենք ունենք բազմաթիվ հերոսական էջեր,(իհարկե նաև վերջնամասում՝ ամենատխուր ողբերգական էջերը) և բոլոր այդ էջերի մեջ կոնկրետ մարդիկ են»:
Այն ինչ այս օրերին նախատեսված է և պետք է տեղի ունենա Բաքվում՝ թատերական բեմադրություններ են, մենք որևէ իլյուզիա չպիտի ունենանք, որ Բաքվում տեղի է ունենալու արդար և անկողմնակալ դատավարություն, եթե այդպես լիներ, մեր մտահոգությունները ավելի քիչ կլինեին», — հավելել է Ղուլյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ի սկզբանե պարզ էր, որ Բաքվում կա յուրահատուկ սցենար, և սպասվում է կեղծ, շինծու մեղադրանքներով դատավարություն:
«Իսկ մենք միայն մեկ ճանապարհ ունենք դիմակայելու այդ «բեմադրություններին»՝ ՀՀ-ի կողմից պետականորեն այդ ամենին պատասխան ունենալով, ինչը, ցավոք, այս նախորդ ամիսներին չենք տեսել, ինչը այսօր չկա և քիչ հավանական է, որ կլինի առաջիկա օրերին», — եզրափակել է նա: