Այն ինչ թուրքը մեզ հետ վախեցավ անել, իրագործեց մեր իշխանությունը. Հարություն Բերբերյան

02 Հոկտեմբերի 2025, 11:30

Կարծիք

Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը պատճառ է դառնում Սփյուռքի և Հայաստանի միջև կապի ամբողջական խզման։ Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բանաստեղծ Հարություն Բերբերյանը։

«Հայաստանի իշխանությունների ներկա կեցվածքը շատ է վնասում Հայ Դատի աշխատանքներին։ Մենք այստեղ՝ Սփյուռքում, տասնյակ տարիներ աշխատել ենք Ցեղասպանության ճանաչման համար, բայց ինչ թուրքը մեզ հետ վախեցավ անել, իրագործեց մեր իշխանությունը։ Դժբախտաբար, սա պատճառ է դառնում Սփյուռքի և Հայաստանի միջև կապի ամբողջական խզման։ Սփյուռքում հասկացել են՝ իրենք իրենց մասին պետք է մտածեն, պետք է վերակազմակերպվեն։ Մենք չենք կարող ընդունել, որ Արարատը թուրքին է պատկանում, կամ Արևմտյան Հայաստան չկա, այն Թուրքիա է։ Այս դիրքորոշումը դավաճանությանը համարժեք դիրքորոշում է և մեզ համար ընդունելի չէ»,- նշել է Բերբերյանը։

Խոսելով նման հարցերում հայ մտավորականների դիրքորոշման մասին՝ բանաստեղծը նշել է․

«Մտավորականությունը իր խոսքը պետք է ասի, որքան էլ այն փորձեն սահմանափակել։ Բայց ես, մտավորականություն ասելով, միայն գրողներին նկատի չունեմ։ Իրականության մեջ մտավորականը կեցվածք ունեցող մարդն է, իսկ դրա իրական օրինակ է Միքայել Սրբազանը։ Ստացվում է, երբ իշխանությունը չի կարողանում այդ մտավորականի ձայնը սահմանափակել, ճնշել, բանտարկում է։ Նույնը տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի հետ»։