Այո, սա քաղաքական հետապնդում է․ Գայանե Ասլամազյանը՝ Միքայել Սրբազանի մասին

25 Սեպտեմբերի 2025, 22:30

Կարծիք

Միքայել Սրբազանի խափանման միջոցն անփոփոխ թողնելը վկայում է, որ, այո, սա քաղաքական հետապնդում է, և քաղաքական հետապնդումները շարունակական են մեր երկրում արդեն 7 տարի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը։

«Բան չմնաց, չենք հասցնի աչք թարթել, գործող իշխանությունները կրկին կընտրվեն, քանի որ մարդկանց այս իրադարձությունները, անպատժելիությունը, ինչպես նաև անմեղներին պատժելը չի անհանգստացնում։ Եվ շատ շուտով մենք կասենք 8 տարի, 9 տարի, որովհետև մարդիկ, չգիտես ինչու, չեն ընդվզում»,- նշել է Ասլամազյանը։

Alpha News-ի հարցին, թե որն է նման լռության պատճառը՝ դերասանուհին ընդգծել է․

«Հիմա ստեղծվել է մի շերտ, որը սկսել է ֆինանսավորվել, նրանց կյանքը բարելավել է, դրա համար նրանք ոտքի չեն կանգնում։ Իրենք հետ են մղել իրենց արժեքները՝ մարդկային, ազգային, և առաջին պլանում իրենց բնականոն կյանքն է՝ մի փոքր ավելի բարելավված տարբերակով, և խնդիր չեն տեսնում։ Դժվար է արդեն նման պայմաններում մարդկանց ոտքի հանել կամ փորձել արժեհամակարգ փոխել»։