Այրված մարդիկ ցավից գոռալով վազում էին հիվանդանոց | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #17
01 Նոյեմբերի 2023, 22:00
Քնարիկ Էմիրյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը լքած վերջին բուժաշխատողներից է: Սեպտեմբերի 25-ին, երբ արդեն ամուսնու հետ որոշել էր Արցախից դուրս գալ, հիվանդանոցից զանգ է ստացել, որ բենզինի պահեստի պայթյունից տուժածներին բուժօգնություն ցույց տալու կարիք կա:
«Ես էդ օրը երբեք չեմ մոռանա, ահավոր էր ուղղակի: Տղամարդիկ այրված վիճակում՝ ցավից գոռալով վազում էին հիվանդանոց: Բուժանձնակազմը քիչ էր, մարդիկ արդեն դուրս էին եկել Արցախից, չգիտեինք որին օգնենք, որին՝ չէ: Վիրավորների մաշկը պլոկված էր, սրսկելու տեղ նույնիսկ չկար, նրանք անճանաչելի էին, գոռում էին, օգնություն խնդրում»,- Alpha News-ի հետ զրույցում հիշում է Քնարիկը:
Քնարիկն աշխատում էր Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ որպես բուժքույր: Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակումից հետո, Քնարիկը տղաների հետ հիվանդանոց է գնացել: Նրանց նկուղում պատսպարելուց հետո շտապել է վիրավորներին բուժօգնություն ցույց տալ:
«Պայթյունի ձայները շատ ուժեղ էին, մեր տունը Ստեփանակերտի սկզբնամասում է՝ Շուշիին մոտ: Ձայները շատ պարզ էին լսվում, ամուսինս էլ պոստերում էր, երկու տղաներս դպրոցից արդեն տուն էին եկել, իսկ աղջիկս մնացել էր դպրոցում, որը հեռու էր, չէի կարող նրա հետեւից գնալ: Ոստիկանություն էի զանգել, որ աղջկաս հետեւից գնան, ինձ հանգստացրեցին, որ երեխաներին նկուղներ են տարել: Ես էլ տղաներիս վերցրի ու հիվանդանոց գնացի: Ժամեր անց աղջիկս զանգեց, ասաց, որ տատիկի մոտ է: Անկեղծ՝ չէինք մտածում, որ ողջ կմնանք, չորս կողմից շրջափակման մեջ էինք, անդադար պայթյունի ձայներ էր լսվում»,- հիշում է Քնարիկը:
Այդ օրերին Քնարիկն ու երեխաները հիվանդանոցի նկուղում են մնացել, ամուսնուց առաջին զանգը ստացել է սեպտեմբերի 24-ին, երբ զինաթափվել է:
Սեպտեմբերի 26-ին արդեն Քնարիկի ընտանիքը ստիպված եղավ լքել Արցախը: Քնարիկն օրեր շարունակ հիվանդանոցից հետեւում էր, թե ինչպես են մյուս արցախցիները հարկադրված դուրս գալիս իրենց տներից: Ասում է՝ ոչ մեկ չէր ուզում լքել իր հայրենիքը, բայց մարդիկ իրենց ապահով, անվտանգ չէին գզում:
Քնարիկն էլ դժվարությամբ է դուս եկել Արցախից, այնտեղ իր ծնողների գերեզմանն է մնացել:
Քնարիկն ամուսնու եւ երեք երեխաների հետ այժմ Զովունիում է վարձով ապրում: Ասում է՝ նորից տուն ու տեղ պետք է դնենք, բայց Արցախ ենք ուզում վերադառնալ:
«Եթե թուրքերն էնտեղ չլինեն՝ հետ կգնամ: Երեխեքին, տարեցներին սպանող մարդկանց հետ ապրելն անհնարին է»,- եզրափակում է Քնարիկը:
Մանրամասները՝ տեսանյութում: