Այս աղմկոտ ցույցերը դրական ֆոն չէին ստեղծում. Արեշևը՝ Լավրովի այցի դեմ բողոքի ցույցերի մասին
22 Մայիսի 2025, 18:00
Ռուս քաղաքագետ, Քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, որն արդեն ընդունում են պաշտոնական Երևանն ու Մոսկվան:
«Ռուսական կողմը փորձում է նվազեցնել այս ճգնաժամի հետևանքները և կանխել դրա հնարավոր ընդլայնումն այն մակարդակի, որը լրջորեն կբարդացներ, այդ թվում՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը։ Իհարկե, մեկ այցի շրջանակներում, ինձ թվում է, անհնար է դա անել։ Բայց ռուսական դիվանագիտության ղեկավարը (Սերգեյ Լավրովը) փորձում է փոխանցել Մոսկվայի տեսակետը, և ցույց տալ թե ինչ է կատարվում, այդ թվում՝ այն սուր հարցերի շուրջ, որոնք ժամանակակից ՀՀ-ում տարատեսակ մանիպուլյացիաների առարկա են:
Դա ծանր աշխատանք է, և պետք է լուրջ վերաբերվել։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք ռուսական դիվանագիտության, փափուկ ուժի և տարբեր մակարդակներում երկկողմ երկխոսության տարբեր ձևաչափերի ակտիվացում։ Ես կարծում եմ, որ դա կապված է այն ներքաղաքական գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, և արտաքին քաղաքական կապերի միջազգային բեքգրաունդի կամ հավասարակշռման (ինչպես սիրում են ասել ՀՀ-ում) հետ, որոնք բնորոշվում են ամենատարբեր մակարդակի շփումներով», — ասել է նա։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ այցի դեմ Երևանում արևմտամետ ուժերի բողոքի ակցիաներին՝ Արեշևն ընդգծել է, որ «այդ աղմկոտ ցույցերը ոչ միայն գեղեցիկ չէին, այլև չէին ստեղծում դրական ֆոն»:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ նման տրամադրությունները որոշակիորեն տարածված են ՀՀ-ում, մենք գիտենք, որ Սերգեյ Լավրովի այսօրվա որոշ բանակցային գործընկերներ նույնպես ունեն «ՀԿ»-ների բեքգրաունդ և ժամանակին նկատվել են նաև Ռուսաստանի դեսպանատան մոտ, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական ակցիաների ժամանակ։ Ցավոք, նման իրավիճակ կանխատեսվում էր։ Այո, անշուշտ, այդ մարդիկ կապված են (ՀՀ-ի) իշխանությունների հետ։ Կարծում եմ, որ ռուսական կողմն ու ռուս բանակցողները չեն կարող դա չհասկանալ։ Բայց, այնուամենայնիվ, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև փոխշահավետ տնտեսական կապերի բանակցությունների և քննարկումների ընթացքում ձգտում են «ճանճերին հեռացնել կոտլետներից», — ասել է Արեշևը:
Մանրամասները՝ տեսանյութում: