Այս բանաձևերը մնում են ապարդյուն, եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր չձեռնարկի. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ

06 Հոկտեմբերի 2023, 19:21

Քաղաքականություն

«Արդեն երկրորդ անգամ Եվրախորհրդարանն ընդունում է բանաձև՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ», — մեկնաբանելով բանաձևը՝ նկատել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

«Այս բանաձեւն ավելի կոնկրետ ու մանրամասն է իր պահանջներում։ Այն նաև ցույց է տալիս ԵՄ խորհրդարանի պահանջների և Հայաստանի ու Արցախի վերաբերյալ ԵՄ իրական քաղաքականության միջև հսկայական անջրպետը, մինչդեռ իրականում կարևորը ԵՄ պաշտոնական քաղաքականությունն է: Բանաձևը նաև դիմում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Ադրբեջանի նկատմամբ իր ամոթալի քաղաքականության վերաբերյալ։

Մենք իսկապես երախտապարտ ենք Եվրախորհրդարանին ԵՄ արժեքային համակարգին հավատարիմ մնալու և արդարության տեր կանգնելու համար։ Այդուհանդերձ, այս բանաձեւերը մնում են ապարդյուն, եթե ԵՄ գործադիր իշխանությունը համապատասխան քայլեր չձեռնարկի:

Մինչ այժմ և՛ ԵՄ խորհուրդը, և՛ ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունը սատարում էին Արցախի հայերի Ադրբեջանի «ինտեգրման քաղաքականությանը», մինչդեռ պարզ էր, որ այս այսպես կոչված ինտեգրումը կա՛մ նշանակում էր ենթարկվել բռնապետական ռեժիմի, կա՛մ արտագաղթ, եթե տեղում անվտանգության շոշափելի երաշխիքներ չկան։ Այս մոտեցումն ու անպատժելիությունը ակնհայտորեն խրախուսել են Ալիևին էթնիկ զտումներ իրականացնելու հարցում։

Թեև պարզ է, որ ռուս խաղաղապահները՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավորներ, կրում են առաջնահերթ պատասխանատվություն, սակայն մինչ այժմ ԵՄ-ն շոշափելի ոչինչ չի արել՝ իրականում Ադրբեջանին հասկացնելու, որ նա չի կարող շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը։ Սա է տխուր իրականությունը։ Ուստի հայկական կողմը ծայրահեղ սթափությամբ է գնահատել իրավիճակը, որը մինչ այժմ եղել է թերի և գործել համապատասխանաբար, քանի որ աշխարհաքաղաքական այս թոհուբոհում մեր պետականության համար վտանգները հսկայական են»։