Այս բանակցություններից որևէ բան սպասել պետք չէ. Ալեքսանդր Ցինկեր

ICES-International Center for Eurasian Studies (Եվրասիական հետազոտությունների միջազգային կենտրոն) միջազգային կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին:

Փորձագետի կարծիքով՝ այդ հանդիպումը կանցնի ինչ-որ փոխզիջումային եզրահանգումների որոնման մեջ, բայց ոչ ավելին։

«Տվյալները, որոնք կան և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ասում են, որ սկզբունքորեն խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Բայց Ադրբեջանն ունի պահանջներ, դա Սահմանադրության փոփոխությունն է, որպեսզի այնտեղ չհիշատակվի Արցախը, և Մինսկի խմբի (ԵԱՀԿ) լուծարումը։ Սահմանադրությունը հենց այնպես չի կարելի փոխել, դա հանրաքվե է պահանջում։

Ըստ էության, Փաշինյանն ասում է, որ Հայաստանը պատրաստվում է փոխել Սահմանադրությունը, բայց դա, միևնույն է, ժամանակ է պահանջում, այնպես որ մոտ ժամանակներս դա չի փոխվի: Ուստի դժվար թե կարելի է ակնկալել, որ նրանք կնստեն և կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Գումարած նաև Սյունիքի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրը։ Եվ ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը դեմ չէ, որ կոմունիկացիաները բացվեն։ Այլ բան է, որ այդ կոմունիկացիան անցնում է Հայաստանի տարածքով, ուրեմն այդ ճանապարհների պատասխանատվությունն ու կառավարումը, այդ միջանցքը մնում է Հայաստանին։ Երբ Ռուսաստանը մասնակցում էր բանակցություններին, այնտեղ հարց կար, որ եկեք Ռուսաստանի ներկայացուցիչները պատասխան տան միջանցքի համար, բայց հիմա դա արդեն ակտուալ չէ։ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են գտնել ընդհանուր լեզու՝ արդեն առանց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ կոնֆիգուրացիայի:

Նույնիսկ ԱՄՆ-ն արդեն իր ուժերն է առաջարկում այդ միջանցքը վերահսկելու համար, թեև անհասկանալի է, թե ինչու Հայաստանի տարածքում ինչ-որ մեկը պետք է դրանով զբաղվի, այլ ոչ թե հենց Հայաստանը։ Կան հարցեր, որոնք կախված են, ուստի այս հանդիպումը, հնարավոր է, անցնի ինչ-որ փոխզիջումային եզրակացությունների, ինչ-որ հաղորդագրությունների որոնման մեջ, բայց ոչ ավելին», — եզրափակել է Ցինկերը: