Այս իրավիճակում Իրանի վրա հարձակումն ռիսկային է. Վասիլի Կոլտաշով

02 Փետրվարի 2026, 21:30

Քաղաքականություն

«Նոր հասարակություն» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Փորձագետի կարծիքով՝ ամերիկացիները հասկանում են, որ իրենց սպառնալիքներն Իրանի կողմից լուրջ են ընդունվում, և պատասխանն էլ պատրաստվում է նույնքան լուրջ։

«ԱՄՆ-ում դեռ չեն հավատացել, որ հեղափոխական ալիքը Իրանում մարել է։ Նրանց թվում է՝ եթե ճնշում գործադրեն Իրանի սահմանին տիրող իրավիճակի վրա, ապա կարող են համոզել դժգոհ քաղաքաբնակներին ամերիկացիների օգնությամբ փոփոխությունների գնալ և նորից ներգրավվել պայքարի մեջ։ Այս իրավիճակում Իրանի վրա հարձակումը ռիսկային է, քանի որ նախկին հարվածները, որոնք Իսրայելը հասցրել է Իրանին, հանգեցրել են հասարակության համախմբմանը արևմտյան ագրեսիայի դեմ։ Ուստի հայտնի չէ, թե ինչպես իրեն կպահի Իրանի ժողովրդի մեծամասնությունը, եթե ԱՄՆ-ը նորից հարվածներ հասցնի Իրանին։

Ի դեպ, Իրանն էլ պատասխանելու է, օրինակ՝ կխորտակի մեկ-երկու ավիակիր, հրթիռային զենքով մի քանի էսկադրային ականակիր կամ լրջորեն կվնասի նմանատիպ նավերը։ Կարող են ամերիկացիներ զոհվել բազաներում, բազաները կարող են ավերվել։ Հենց այդ պատճառով էլ, ըստ էության, ամերիկացիները դուրս էին բերում իրենց զորքերը․ նրանք հասկանում են, որ այս անգամ իրենց սպառնալիքներն Իրանն ընկալում է լուրջ, և պատասխանը նույնպես լուրջ է պատրաստվում։ Իրանն այլևս չի սահմանափակվելու ցույցերով»,- ասել է Կոլտաշովը։

Քաղաքագետի խոսքով՝ իրավիճակը մնում է առեղծվածային, պարզ չէ, թե ինչպես է իրեն դրսևորելու Իրանի քաղաքացիների մեծամասնությունը։

«Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է առեղծվածային այն առումով, որ պարզ չէ, թե ինչպես կպահի իրեն Իրանի քաղաքացիների մեծամասնությունը։ Առավել ևս անորոշ է, թե ինչ քայլեր են ձեռնարկում տեղի իշխանությունները։ Խոսքը ոչ թե բռնաճնշումների մասին է, այլ այն մասին, թե արդյոք նրանք պատրաստ են ընդառաջ գնալ հասարակությանը, մասնավոր կյանքն ավելի ազատ դարձնել՝ այնպես, ինչպես այն գոյություն ունի, օրինակ՝ Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում, նույնիսկ Ադրբեջանում։ Մասնավոր կյանքն Իրանում ճնշված է, քանի որ համարվում է «մեղսալի»։ Իշխանության հիմնական գաղափարը բարքերի շտկումն է։ Եվ հենց դրա պատճառով են մարդիկ չարացած ռեժիմի դեմ, որովհետև տնտեսական խնդիրները, մյուսների հետ մեկտեղ, ընկալվում են որպես նորմալ կյանքի համար արհեստականորեն ստեղծված արգելքներ։ Այս մասին, ի դեպ, անընդհատ խոսում է իրանցի երիտասարդությունը։

Եթե նրանց լսեք, քաղաքական մտածողությունն այնտեղ այնքան էլ շատ չէ, բայց դժգոհությունը նորմալ կյանքի բացակայության նկատմամբ շատ ուժեղ է․ չի կարելի գնալ ժամադրությունների, չի կարելի շուն պահել, երիտասարդներին չի կարելի ձեռք ձեռքի բռնել կամ ավելին անել՝ առանց շրջապատից ամաչելու։

Կանայք նոր-նոր կարողացան հասնել նրան, որ թույլատրվի չկրել այդ գլխաշորերը, դա էլ՝ իշխանությունների մեծ դիմադրության պայմաններում։ Նրանք կարող էին դա չեղարկել 20 տարի առաջ, բայց դրա փոխարեն պայքարում էին կանանց և այն տղամարդկանց դեմ, որոնք աջակցում էին կանանց։ Կար բարոյականության ոստիկանություն․ լինում էին դեպքեր, երբ աղջիկներին ծեծում էին մետրոյում՝ միայն այն պատճառով, որ նրանց գլխաշորը սահել էր․ ծեծում էին մինչև կիսամահ, իսկ երբեմն էլ՝ մինչև մահ։ Ուստի իրանական իշխանությունները ոչ ադեկվատ են։

Բայց, հնարավոր է, ինչ-որ բան, այնուամենայնիվ, հասել է նրանց: Նրանք խորհրդակցում են և Չինաստանի, և Ռուսաստանի հետ։ Հնարավոր է՝ նրանց բացատրել են, որ պետք է քայլել ժամանակին համահունչ, որ Իրանի տնտեսական զարգացումն արդեն թույլ է տալիս դառնալ ավելի մեղմ և, ի վերջո, հասկանալ՝ մարդիկ պարզապես ուզում են ապրել։ Սակայն դա չի վերացնում ֆինանսատնտեսական ձախողումները։ Իրանի ազգային արժույթի ուժգին արժեզրկումը խոսում է տնտեսության անգրագետ կառավարման մասին։

Այս ամենը ստեղծում է չափազանց բարձր վտանգ։ Եվ, իհարկե, Իրանի ղեկավարությունը, եթե հիմար չէ, արդեն պետք է լինի Մոսկվայում և պայմանավորվի, թե ինչպես շտկել իրավիճակը, ինչ կարելի է մտածել։ Չինաստանի հետ նույնպես պետք է խոսել, բայց Չինաստանն ավելի բարդ գործընկեր է։ Ռուսաստանի հետ ավելի հեշտ է, և հենց Ռուսաստանը կարող էր օգնել նրանց դուրս գալ այս իրավիճակից։ Եվ, իհարկե, նրանց անհրաժեշտ է վերափոխել քաղաքական կարգը։ Դա չի կարող լինել իսլամական հանրապետություն»,- եզրափակել է Կոլտաշովը: