Այս իշխանության թիրախները միշտ համընկնում են Ադրբեջանի և Թուրքիայի թիրախների հետ. Քրիստինե Վարդանյան
15 Հուլիսի 2025, 10:40
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Alpha News-ի ուղիղ եթերում խոսել է օրերս ՀՅԴ-ականների շրջանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին և ներկայացրել ընդհանուր իրավիճակը:
«Ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվում են Դաշնակցության անդամներ, 7-ին ձերբակալում են, որոնցից մեկը ոչ դաշնակցական, և հետո պարզվում է՝ այդ անձը կապ չունի ո՛չ Դաշնակցության հետ, ո՛չ գործի հետ, ուղղակի արհեստավոր է, և չի հասկանում՝ ինչու է 72 ժամ անցկացրել անազատության մեջ: Բոլորի տները խուզարկել են և որևէ ապօրինի բան չեն հայտնաբերել, բոլոր զենքերը եղել են օրինական, իսկ վերջին խուզարկված տանը հայտնաբերվել է նռնակ: Այդ երիտասարդին 2 ամսով կալանավորել են, բայց հիմքերի բացակայության արդյունքում մեղադրանք չի առաջադրվել ահաբեկչության կազմակերպման համար, այլ անօրինական զենք-զինամթերք պահելու համար: Սա է ընդհանուր իրավիճակը, և թե ինչու է այս ամենը արվել Ալիև-Փաշինյան հանդիպմանը զուգահեռ, կարծում եմ՝ շատ հետաքրքիր հարց է»,- նշել է պատգամավորը:
Վարդանյանի խոսքով՝ ՀՀ-ն հասել է այն կետին, որ իշխանության ցանկացած հայտարարություն կասկածի տեղիք կարող է տալ:
«Իրենց մեկնաբանմամբ՝ 18 տարեկան տղան մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Նրանք իրենց ձեռքով անլրջացրել են այս ծանրագույն հոդվածը, և եթե վաղը իսկապես ահաբեկչության դեպք բացահայտվի, հանրության կեսից ավելին ծիծաղով է վերաբերվելու դրան: Անգամ 2016թ-ի դեպքերից հետո, երբ ՊՊԾ գունդ էր գրավվել, պատանդներ էին պահվել, 2 ոստիկան էր սպանվել, «Սասնա ծռեր»-ի այդ մարդկանց անգամ ահաբեկչության հոդված չէր առաջադրվել, քանի որ դա ծանրագույն հոդված է: Մենք հասել ենք այն կետին, որ այս իշխանության ցանկացած հայտարարություն, անգամ նրա մասին, որ արևը ծագում է արևելքում և մայր է մտնում արևմուտքում, կասկածի տեղիք կարող է տալ»,- եզրափակել է պատգամավորը: