Իշխանությունները որոշել են հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսը հանել. Քասախի բնակիչ
10 Ապրիլի 2025, 10:21
Քասախ գյուղի բնակիչները քիչ առաջ փորձեցին փակել Երևան-Աշտարակ մայրուղին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Նրանք պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում է Երևանին:
«Ես ընտրել եմ իշխանություն, եղել եմ իրենց հետ, բայց այսօր նրանք որոշել են հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմար ավտոբուսը հանել: Մենք մի կողմ, բա մանկասայլակով մայրերն ինչ ասեն, հիմա թող գան բացատրեն, թե այդ գազելով որ մեկս կարող ենք տեղաշարժվել»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Պռոշյան և Քասախ բնակավայրերի բնակիչների հետ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել են, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այլ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի և կվերադառնա Երևան: Իսկ Քասախ համայնքի համար թիվ 59 երթուղին հանվում է: