Այս իշխանությունը ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները. Բագրատ Սրբազան

26 Մայիսի 2024, 17:17

Քաղաքականություն

Այս իշխանությունն անում է սարսափելին: Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը.

«Այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունը՝ իր ֆիզիկական գոյությամբ, այլև ավելի սարսափելին՝ ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով ու ուրանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր գոյության իրավունքն ու կենսագրությունը, մոռանալով, որ հոգին հաղթել է «դուխին», եռագույնը՝ սև ու սպիտակին, տաճարը հաղթելու է փողոցին:

Իսկ այս ամենի արդյունքում՝ հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին: Այս շարժումը պետության որակի, սեփական, հայկական օրակարգ և հստակ նպատակ ունենալու մասին է, կարգապահ ու պատասխանատու, մասնակցային պատասխանատվությամբ քաղաքացիներ ունենալու մասին է, դիմակայուն ու անվտանգ, կայուն ու հաստատուն պետություն ու խաղաղություն ունենալու մասին, արտաքին աշխարհում բարեկամներ ու իրական դաշնակցային հարաբերություններ, գործընկերներ ու աջակիցներ ունենալու մասին է»,- ասել է Բագրատ Սրբազանը:

Հիմա եթերում