Այս մարդիկ չեն համապատասխանում Հայաստանի կենսական շահերը պաշտպանողի դերին․ Արման Աբովյան

Պատմական և իրական էթնոքաղաքական միավորները գանգուղեղի աջ ու ձախ հատվածներն են, եթե աջ ու ձախ հատվածն իրար հետ կոնֆլիկտի մեջ են, դա արդեն բժշկական խնդիր է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ելույթի ժամանակ պատմական Հայաստանն ու իրական Հայաստանն իրարից տարանջատելուն։

«Եթե մենք ուզում ենք հասկանալ պատմական ու իրական Հայաստանի միջև կոնֆլիկտը, պետք է մի պահ մոռանանք Հայաստանի՝ անմիջապես մեր հուզական ընկալման պահերը ու փորձենք հակագիտական առումով հասկանալ։ Չկա, չի եղել ու չի կարող լինել աշխարհում գեթ մեկ դեպք, երբ պատմական էթնոքաղաքական մի տարր հակադրվում էր այդ նույն էթնոքաղաքական տարրի իրականությանը, այսինքն՝ պետությանը, ժողովրդին։ Կան պատմության դառը, վատ, լավ էջեր։ Որ ավելի հստակ հասկանանք՝ պատմական և իրական էթնոքաղաքական միավորները գանգուղեղի աջ ու ձախ հատվածն են։

Եթե աջ ու ձախ հատվածն իրար հետ կոնֆլիկտի մեջ են, դա արդեն այլ խնդիր է՝ բժշկական, քանզի մենք դիտարկում ենք պետությունը որպես մեծ օրգանիզմ։ Եւ փորձել հայտարարել, որ Հայաաստանի Հանրապետությունն, ինչպես բոլոր պետությունները, աննորմալ են, կոնֆլիկտ ունեն աջ և ձախ գանգուղեղի միջև, այստեղ հարց է ծագում՝ իսկ ինչի համար է այս ակնհայտ շինծու ու սուտ գաղափարն առաջ տարվում։ Այլ կերպ չի ստացվում բացատրել այս իշխանության ոչ թե տապալումները, այլ արհավիրքները, որ բերում են իրենց ժողովրդի գլխին»,- կարծում է Արման Աբովյանը։

Քաղաքական վերլուծաբանը վստահ է՝ այսօրվա իշխանության անդամների մոտ ուղղակի չի ստացվում պաշտպանել Հայաստանի կենսական շահերը։

«Միգուցե, ոչ միտումնավոր, չի ստացվում այս մարդկանց մոտ, որովհետև իրենք չեն համապատասխանում առհասարակ իրենց տեսլականով, իրենց կյանքով, ապրածով, Հայաստանի Հանրապետության կենսական շահերը պաշտպանողի դերին»,- նշել է նա։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ պատմությունը չի կարելի մոռանալ , պարզապետ պետք է դրանից դասեր քաղել։

«Եթե մենք խոսում ենք պատմականի մասին, պետք է հիշենք, որ, օրինակ, այսօր Մարաղայի կոտորածի օրն է։ Երբ խոսվում է պատմական կոնֆլիկտի մասին, մեզ կոչ են անում մոռանա՞նք Մարաղայի կոտորածի մասին։ ՀՀ ԱԳՆ-ն չի մոռացել այդ դեպքը ու հայտարարություն է տարածել՝ դրանով հակադրության մեջ մտնելով այսօրվա իշխանության հետ։ Եթե դու չես ընկալում քո պատմությունը որպես մի գործընթաց, որի հիման վրա դու պետք է առաջինը՝ կառուցես պետությունը, երկրորդը՝ նվազագույնը սովորես, դասեր քաղես, ապա դու դատապարտված ես մշտապես նույն, պայմանական, պատմական կլորի մեջ հայտնվելուն։

Դա ոչ Փաշինյանի որոշելով է, ոչ Միրզոյանի, ոչ Գրիգորյանի, ոչ Սիմոնյանի, իրենք չեն կարող նստել ու չորսով որոշել, որ մածունը սև է։ Իրենք մեզ փորձում են համոզել՝ մեր խնդիրը նրանից է, որ մածունը սպիտակ չէ, մենք պետք է հրաժարվենք դրանից ու ընկալենք՝ մածունը սև է, որովհետև այդ սև մածունը հաճո է Թուրքիային ու Ադրբեջանին, իսկ մածունի սպիտակ լինելը ջղայնացնում է Թուրքիային ու Ադրբեջանին»,- եզրափակել է Արման Աբովյանը։