Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնագրի ստորագրումը քիչ հավանական է․ Բենիամին Պողոսյան
26 Օգոստոսի 2024, 22:00
Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնագրի ստորագրումը քիչ հավանական է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «APRI Armenia» հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։
«Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնագրի ստորագրումը, անկախ նրանից դա կլինի Բաքվում, Վիեննայում, Վաշինգտոնում, կամ որևէ այլ տեղ, քիչ հավանական է։ Բոլորս տեսնում ենք՝ Ադրբեջանը հստակ նախապայման ունի, որ որևէ փաստաթղթի ստորագրման համար պետք է փոխվի ՀՀ-ի Սահմանադրությունը, և մենք գիտենք նաև, որ Հայաստանում սկսվել էր Սահմանադրության բարեփոխման գործընթաց դեռ 2020թ-ից առաջ, հետո 2022-ի հունվարին, սակայն 2024-ին սկսվեց այսպես ասած նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ Կա որոշում, որ այդ նոր Սահմանադրության նախագիծը պետք է ներկայացվի մինչև 2026թ-ի ավարտը։ Սա նշանակում է՝ եթե Ադրբեջանը շարունակում է պնդել, որ որևէ փաստաթուղթ կարող է ստորագրվել միայն Սահմանադրության փոփոխումից հետո, և այն էլ եթե դրանք բավարարեն Ադրբեջանի պահանջները, ապա դա տեղի է ունենալու 2027 թ-ի սկզբին»,- նշել է նա։
Վերլուծաբանն ընդգծում է՝ Ալիևն ամեն բան անելու է, որ ցույց տա՝ COP 29-ը ոչ միայն Կլիմայի, այլ նաև խաղաղության համաժողով է։
«Հիմա գիտենք, որ Ադրբեջանը առաջ է քաշում և կան քննարկումներ, որ պետք է ստորագրել ինչ-որ հայտարարություն Խաղաղության պայմանագրի ապագա սկզբունքների վերաբերյալ և դրանով ցույց տալ, որ ինչ-որ բան ստորագրվեց։ Հասկանալի է՝ Ադրբեջանը կցանկանա դա օգտագործել իր փիառ նպատակների համար, որ ամեն դեպքուոմ COP 29-ը ոչ միայն Կլիմայի համաժողով է, այլ նաև խաղաղության համաժողով։ Վստահ չեմ, որ դա Հայաստանին որևէ բան կտա, սակայն եթե դա տեղի ունենա, ապա մենք խոսելու ենք ոչ թե պայմանագրի ստորագրման, այլ ինչ-որ հայտարարության սկզբունքների վերաբերյալ, իսկ մենք հիշում ենք, թե նման քանի հայտարարություն է ստորագրվել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև՝ առնվազն 4-ը ՌԴ-ի միջնորդությամբ և բազմաթիվ այլ ստորագրություններ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումների ժամանակ»,- եզրափակել է Պողոսյանը։