Այս տարի Խաչվերացի տոնը նշվելու է սեպտեմբերի 17-ին
05 Սեպտեմբերի 2023, 08:33
Սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը (այս տարի սեպտեմբերի 17-ին) Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:
Qahana.am-ի փոխանցմամբ՝ այն նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց՝ նշանակում է խաչը վեր բարձրացնել:
Խաչվերացի կամ Սըրբխեչի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Տոնը կոչել են նաև Ուլնոց: Խորոված ուլը կոչվում է «խրովու», իսկ ուլի ճարպով ներծծված ձավարի փլավը` «քաշկակ»: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Տոնին նվիրված կերակրատեսակներից են ուլի խորովուն, մշոշը, ղափաման, գաթան, ոսպով շորվան:
Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը: