Այս թեման մեր տեսադաշտում է, դրանով կզբաղվենք. Սերգեյ Ռյաբկով

21 Հուլիսի 2023, 21:30

Քաղաքականություն

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է Արցախում հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի ապաշրջափակմանն ուղղված Ռուսաստանի գործողությունները: «Մենք անում ենք և կանենք ամեն ինչ՝ ցանկացած ճգնաժամի հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար։  Հնարավորությունները անսահմանափակ չեն, ռեսուրսները նույնպես պետք է բաշխվեն  առաջնահերթությունների միջև»-Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի Բարեկամների ակումբի նիստին , ի պատասխան Alpha News-ի հարցի, ասել է Ռյաբկովը։

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նաեւ մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը և Մոսկվայում եռակողմ բանակցություններ անցկացնելու ՌԴ ԱԳՆ-ի առաջարկը:

«Ինչ վերաբերում է բանակցություններին, որոնց մասին Դուք ասացիք, բնականաբար, մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը փորձում վերմակը քաշել իր վրա։  Մենք աշխատում ենք բաց, հասկանալի, խորը ձևակերպված, մանրամասն ձևակերպված օրակարգով, որի մասին քաջ հայտնի է և’ Երևանին, և’ Բաքվին: Մենք չէինք ցանկանա, որ ինչ-որ մեկը շեղեր մեր ջանքերի իմաստային բաղադրիչը մեզ համար եղբայրական երկու երկրների ու ժողովուրդների փոխհարաբերություններում։ Մենք այստեղ այլ հետաքրքրություն չունենք, քան կարգավորման կայուն ձեւի որոնումը։

Իսկ ահա մեր արևմտյան գործընկերներն այս իրավիճակում կրակից շագանակներ քաշելու ցանկություն ունեն։ Դա անպատվաբեր է: Մենք չէինք ցանկանա, որ ինչ-որ մեկը մեր առաջարկություններում դիտարկեր, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական մրցակցության տարրեր։  Եվ մենք միանգամայն համոզված ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջախոհ քաղաքական գործիչները հենց այդպես`  ողջախոհ և պատասխանատու են մոտենում այն դիրքորոշմանը, որն առաջ է տանում Ռուսաստանը բոլոր փուլերում։  Ես կարծում եմ, որ մեր ջանքերը կոնկրետ արդյունքների կհանգեցնեն եւ մենք կհասնենք կայուն կարգավորման» — Alpha News— ին ասել Է Ռյաբկովը։ 

Ճշտող հարցին, թե արդյոք Ռուսաստանն առաջ կտանի կարգավորման իր ծրագիրը, թե՞ դա կլինի այն պայմանավորվածությունների կրկնությունը, որոնք Երևանն ու Բաքուն ձեռք են բերել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ, Ռյաբկովը պատասխանել է. «Դա կախված է կողմերից ։  Մենք պատրաստ ենք օգնել կողմերին՝ գտնել այն կետը, որտեղ  շահերը կհամընկնեն, և որտեղ արդյունքը  պարտավորեցնող բնույթի պայմանավորվածության ձեւ կունենա»։