Այս ՏԻՄ ընտրությունները կարևոր էին՝ հասկանալու, թե ում է Էրդողանը դիտարկում որպես իր իրավահաջորդ․ Անի Ավետյան

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները կարևոր էին՝ հասկանալու, թե ում է Էրդողանը դիտարկում որպես իր իրավահաջորդ։ Alpha News-ի ուղիղ եթերում այս մասին ասել է թուրքագետ Անի Ավետյանը։

«Քվեարկությամբ հնարավոր է քաղաքական որոշումներ կայացնել, փոխել իշխանությունը։ ՏԻՄ ընտրությունները որոշում են հաջորդ նախագահական և մեջլիսի ընտրություների արդյունքները։ Այս առումով սա կարևոր է, քանի որ հաջորդ ընտրություններին Էրդողանն, ամենայն հավանականությամբ, չի առաջադրվելու և ինքն էլ հայտարարել է դրա մասին, որ սա իր վերջին ընտրությունն է։ Հետևաբար, այս ընտրությունները կարևոր էին լինելու՝ հասկանալու, թե ում է Էրդողանը դիտարկում որպես իր իրավահաջորդ։ Այստեղ սպասում էինք Ստամբուլի քաղաքապետի թեկնածուին, թե ում կառաջադրի Էրդողանը, դա որոշիչ է լինելու»,- ասել է Անի Ավետյանը։

Նա նշել է, որ Էրդողանի առաջադրած՝ Ստամբուլի քաղաքապետի թեկնածուն թեև շատերի պես ներքաշված չէր կաշառակերության մեջ, միևնույն է, պարտություն կրեց։

«Թուրքիայում մի խոսք կա՝ ով վերցնում է Ստամբուլը, վերցնում է նաև Թուրքիան։ Էրդողանը Ստամբուլում առաջ քաշեց մի թեկնածուի, որն ակնհայտորեն պարտվեց։ Ճիշտ է, նա Էրդողանի թիմի այն անձանցից էր, որը կաշառքի,կոռուպցիոն գործարքների և ոչ մի կեղտոտ գործարքների մեջ ներքաշված չէր, բայց գործող ընդդիմադիր ուժը կարողացավ հաղթել։ Երեկ երեկոյան, հենց սկսեցին ուրվագծվել այս ընտրությունների արդյունքները, հատկապես Ստամբուլի կորուստը, բոլորը սպասում էին, որ Էրդողանն իր առաջին ելույթը ունենալու է Ստամբուլում։ Նա ընտրություններից հետո անգամ երգում է, նախագահական ընտրություններից հետո էլ այդպես եղավ»,- ասել է Ավետյանը։

Թուրքագետը հռետորական հարց է տվել՝ Էրդողանի այն խոսքը, որ սա իրենց վերջն է, իր անձի՞ն է վերաբերում, թե՞ կուսակցությանը։

«Հենց սկսեց ուրվագծվել ՏԻՄ ընտրությունների արդյունքը և այն, որ Ստամբուլը կորցնում է հերթական անգամ, սա ծանրագույն հարված է Էրդողանի համար։ Միանգամից լուրը հասավ, որ Ստամբուլից մեկնել է Անկարա ու այնտեղ է ելույթ ունենալու, թեև Անկարան նույնպես կորցրել է։ Այնտեղ էլ վերընտրվել է քեմալական քաղաքապետը։ Ինչո՞ւ Էրդողանն ասաց, որ սա իրենց կամ իր վերջը չէ, Էրդողանն իր անձի մասին դուքո՞վ է խոսում, բարդ է հասկանալ՝ իր վերջն է, թե՞, առհասարակ, իր կուսակցության»,- ասել է մեր զրուցակիցը։

Անի Ավետյանը նաև հավելել է, որ հայերը նույնպես մասնակցել են Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին ու մեծամասամբ ընտրել են քեմալականների։

«Ստամբուլի հայերը նույնպես քվեարկել են ու հայաշատ թաղամասերում հիմնականում ընտրել են քեմալականներին։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք ու անդրադառնանք նաև նրան, թե ինչպես են քվեարկել, ինչ է կատարվել Հայաստանին սահմանակից Թուրքիայի ներկա տարածքի հայկական տարածքների ընտրատեղամասերում, ովքեր են հաղթել։ Այստեղ հմնականում հաղթանակը քրդերինն է եղել՝ Արդահանից սկսած մինչև Կարս։ Բայց Էրդողանի կուսակցությունն ու ազգայանամոլները ևս որոշ շրջաններում առավելություն ստացել են»,- եզրափակել է Անի Ավետյանը։