Այս ընտրությունները ձեւական են, պետական բյուջեի ավելորդ ծախս է. Alpha News-ի հարցումը
30 Օգոստոսի 2023, 17:00
Alpha News-ը հարցում է անցկացրել Երեւանում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում՝ պարզելու՝ մեր ազգակիցները հետեւո՞ւմ են Երեւանի ընտրությունների ընթացքին ու ի՞նչ են կարծում՝ այս ընտրությունները քաղաքական նշանակություն ունե՞ն, թե զուտ տեղական են: Երեւանում հարցվածների մեծ մասը հետաքրքրված է ընտրություններով: Մի մասը մեծ ակնկալիքներ ունի սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններից, մի մասն էլ անտարբեր է ընտրությունների նկատմամբ, կարծում է, որ լուրջ փոփոխություններ չեն լինելու դրանց արդյունքում: Քաղաքացիները, մեծամասամբ, կարծում են, որ ավագանու ընտրությունները տեղական նշանակություն ունեն:
«Ավագանու նշանակությունը զուտ վարչատնտեսական է, ընտրությունները պետք չէ քաղաքականության հետ խառնել»,- ասել է երեւանցիներից մեկը:
Մի կին էլ նշել է.
«Տեղական ընտրություններ են ու ինձ թվում է՝ Ավինյանը շատ նորմալ գործ անող է, ես շենքի լիազորն եմ, մենք ամբողջ շենքով ընտրելու ենք Ավինյանին ու պահանջելու ենք, որովհետեւ նախկին քաղաքապետը մի լիֆտը փոխել է, երեքը չի փոխել, ուրեմն սրա վզին կդնենք, որ էդ փոփոխությունը կատարվի: Ժողովուրդը դա ուզում է»:
Քաղաքացիներից մեկն էլ ասել է.
«Այստեղ որոշողը մեկ անձ է՝ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ կդառնա նա, ում կընտրի Փաշինյանը: Կարծում եմ՝ այս ընտրությունները ձեւական են, պետական բյուջեի ավելորդ ծախս է»:
Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին: Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ, 13 կուսակցություն եւ 1 դաշինք: Մանրամասները՝ տեսանյութում: