Այսօր առավել քան երբևէ պետք է համախմբվել. Սամվել Կարապետյանը՝ Երևանում ստեղծված իրավիճակի մասին

13 Հունիսի 2024, 17:20

Քաղաքականություն

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների ֆոնին հայտարարություն է տարածել` կողմերին հորդորելով զերծ մնալ էսկալացիայից։

«Հաշվի առնելով այս օրերին Երևանում ստեղծված իրավիճակը` կոչ եմ անում համապատասխան կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի: Երկրում ստեղծված ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում կարևոր է պատասխանատվություն դրսևորել, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ, ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»,- ընդգծել է նա:

Գործարարը հավատում է, որ հավաքական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերը և ապահովել անվտանգություն, կայունություն երկրի բոլոր քաղաքացիների համար:

«Այսօր հաճախ ենք լսում «հայեր» և «արցախցիներ» հակադրությունը։ Հայ ժողովուրդը մեկ ամբողջություն է, ու բոլորն են անհանգստանում ընդհանուր հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Այսօրվա իրավիճակում վտանգավոր է ցանկացած բաժանում»,-նշել է Կարապետյանը։

Բացի այդ, նա կարևորել է եկեղեցու դերը՝ որպես ազգային արժեհամակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկը:

Գործարարը շեշտել է` դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ է պահպանվել հայ ժողովրդի ինքնությունն ու միասնականությունը, նրա ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին, և այսօր առավել քան երբևէ պետք է համախմբվել հոգևոր արժեքների շուրջ ու թույլ չտալ առճակատում, եկեղեցու և ժողովրդի տարանջատում։