Այսօր Արցախից Հայաստան են տեղափոխվել ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները. պարզաբանում
26 Սեպտեմբերի 2023, 23:39
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որում անդրադառնում է Արցախիից Հայաստան տեղափոխված աճյունների վերաբերյալ «Հումանիտար կենտրոնի» տաղավարում ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանի արած հայտարարությանը։
Ըստ պարզաբանման, լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան» չի համապատասխանում իրականությանը։
««Հումանիտար կենտրոնի» տաղավարում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է ԼՂ-ից Հայաստան տեղափոխված աճյունների ընդհանուր թիվը»,- նշված է պարզաբանման մեջ։
Նկատենք, որ ասուլիսի ընթացքում նախարարը, նախ, խոսում է պայթյունի հետեւանքների մասին, ապա անդադառնում ադրբեջանական հարձակման հետեւանքով տուժածներին։
Հաջորդիվ նա Հայաստան տեղափոխված աճյունների թիվ է հրապարակում` չմասնավորեցնելով զոհվածների մահվան հանգամանքները, ինչն էլ թյուրըմբռնման պատճառ է դարձել։ Ընդ որում, անգամ պարզաբանման մեջ նախարարությունը անհասկանալի ձեւակերպում է տալիս եւ նշում, որ Անահիտ Ավանեսյանը հայտնել է ԼՂ-ից Հայաստան տեղափոխված աճյունների ընդհանուր թիվը։ Պարզ չէ «ընդհանուր թիվ» ձեւակերպումը արդյոք ներառում է պայթյունի հետևանքով զոհվածների աճյունները։
Տեղեկատվական խառնաշփոթը հստակեցնում է Արցախի տեղեկատվական շտաբը, որը հղում անելով Արցախի ՄԻՊ-ին, փոխանցում է, որ այսօր Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։
Տեղեկատվական շտաբը նաև հայտնում է, որ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ):
Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։
Տվյալների հավաքագրումը շարունակվում է։