Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը

26 Մարտի 2024, 15:40

Մշակույթ

Փետրվարի 12-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։

Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11): Ավետարանական Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:

«Տասը կույսերի առակը պատմում է երկնքի արքայության հոգևոր պայքարի մասին, այսինքն չլինի այնպես, որ ինչ որ մեկը մտածի՝ հասել է հոգևոր առաքինության և այլևս բավարար համարի այդքանը: Եվ երկնքի արքայության պատկերը մեր Տերը ներկայացրեց տասը կույսերի օրիակով, որոնք իրենց լապտերները առած փեսային և հարսին դիմավորելու ելան: Այսպիսով, Տեր Հիսուս Քրիստոս երկնքի արքայությունը համեմատում է հարսանիքի հետ: Աստվածաշնչում կարդում ենք. «Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք Նրան, քանի որ հասավ գառան հարսանիքի ժամը, և կինը՝ Նրա հարսը, պատրաստվեց» (Հայտնություն 19:7):

Առակում փեսան Քրիստոսն է, ով Իր երկրորդ գալուստին գալիս է միավորվելու հարսին՝ Եկեղեցուն, իսկ տաս կույսերը Եկեղեցու անդամներն են՝ հավատացյալները, ովքեր իրենց մկրտության պահից որդեգրվել են Աստծուն: Նրանց կյանքի առաքելությունը սրբության ձգտելն է: Առակում ասվում է՝ նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար:

Իմաստունները նրանք էին, ովքեր միայն կուսության առաքինությամբ չէին բավարարվում, այլ նաև ուզում էին շատ այլ որակներ ցուցաբերել՝ սեր, կարեկցանք, ողորմություն: Հիմարները բավարարվում էին միայն կուսության առաքինությամբ, և համարում էին, որ ամեն ինչի հասել են՝ կուսությանը հավատարիմ լինելով»,- առակը մեկնաբանել է Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:

Հիմա եթերում