Այսօր բանտարկված է մեր արժանապատվությունը. Արեգա Հովսեփյան

11 Հոկտեմբերի 2025, 13:41

Հայեր

Հաշվի առնելով փոքրիկ խմբակի արտաքին քաղաքականության տոտալ ձախողումը, մենք առաջարկում ենք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն։ Այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է և պետք է դառնա տնտեսական միջազգային նախագծերի հանգույց և բարձր տեխնոլոգիաների հաբ, բայց առանց ինքնիշխանությունը և ազգային շահերը սակարկելու։ Մասնագիտական քննարկումների արդյունքում մենք ամրապնդել ենք մեր այն համոզմունքը, որ մեր համազգային համախմբումը բոլոր տեսակի խաղաղությունների երաշխիքն է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պետության որդեգրած արտաքին քաղաքականությունը չի կարող հիմնովին փոխվել մի փոքրիկ խմբակի քմահաճույքներով։ «Մենք բաց հայտարարում ենք, որ ոչ թե քարը քարի վրա չթողնելով քանդելու ենք առկա արտաքին քաղաքականությունը, այլ ելքեր ենք փնտրելու, կառուցելու ենք որակապես նոր հարաբերություններ մեր ավանդական դաշնակիցների հետ և գտնելու ենք նոր դաշնակիցներ»,- հավելել է Արեգա Հովսեփյանը։