Այսօր ցույց տեղի ունեցավ ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի, այլ ՀՀ դեսպանատանն ուղղված. Գեւորգ Բագրատունի

08 Սեպտեմբերի 2023, 23:08

Քաղաքականություն

Հոլանդիայում ապրող հայերը Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույց են իրականացրել եւ փորձել նամակ փոխանցել՝ իրենց տարակուսանքն ու բողոքը արտահայտելով Հայաստանի կառավարության այն հայտարարություններին, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է «Ազգային Միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին․

«Այսօր ցույց տեղի ունեցավ, ցավոք սրտի, ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի, այլ Հայաստանի դեսպանատանը ուղղված, ուզում էինք արտահայտել մեր բողոքը, անհամաձայնությունը այն մտքին, այն ուղղությանը, որ ընտրել է Հայաստանի ղեկավարությունը՝ Արցախը ճանաչեն Ադրբեջանի մաս։ Եթե կան մարդիկ, որ համաձայն չեն, պիտի մի ձևով կարողանանք արտահայտել մեր անհամաձայնությունը։

Փորձեցինք նամակի տեսքով դեսպանատուն ներկայացնել մեր անհամաձայնությունը, որ այն ուղղությունը, որ ընտրել է Հայաստանի կառավարությունը, մեզ հաճելի չէ, և մենք ոչ մի դեպքում չենք ուզում տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում։ Անկախ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի էլ լինի»,- նշել է Բագրատունին։

Նրա փոխանցմամբ՝ դեսպանատունը ոստիկանների միջոցով փոխանցել է, որ չի ընդունելու նամակը՝ առանց իմանալու, թե ինչ խնդրով են դիմում իրենց․

«Այսպես էր մեր ուղերձը, ցավոք սրտի, դեսպանատունը ցուցաբերեց սպասվող, բայց անտանելի մի ձև եւ, նույնիսկ, ոստիկանության միջոցով մեզ տեղեկացրին, որ նամակը չեն ընդունելու՝ առանց իմանալու նամակի բովանդակությունը։ Որոշ ալիքներ կամ որոշ մադիկ կարծում էին, թե սա Հայաստանի դեսպանատան դեմ է ուղղված, բայց դա չէր իամստը։ Իմաստը այն չէր, որ թշնամություն արտահայտենք դեսպանության դեմ, այլ մեր բողոքն էր Հայաստանի կառավարության ընտրած ուղուն։ Ցույցը կայացավ, շատ գոհ էինք, քանակի առումով էլ էինք գոհ՝ 100-ից ավելի մարդ կար։ Հուսանք՝ ինչ-որ մի կայծ կառաջացնի դա, մենք, Հայաստանի հայեր լինելով, իրավունք ունենք համաձայն չլինելու կառավարության ընտրած ուղղությանը»,- եզրափակել է Գևորգ Բագրատունին։