Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Տնտեսի կիրակին
03 Մարտի 2024, 17:29
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Մեծ Պահքի 4-րդ հիշարժան օրը՝ Տնտեսի կիրակին:
Այն կոչվում է Տնտեսի՝ անիրավ տնտեսի մասին ավետարանական առակի խորհրդով։
Ըստ առակի՝ մի մեծահարուստ մարդ իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մի օր լսում է, որ նա հավատարիմ չէ իրեն: Տանտերը կանչում է տնտեսին և ասում, որ գործից ազատված է։ Նա էլ մտածում է՝ ինչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ իրեն բարի հիշեն, և, կանչելով իր տիրոջ պարտապաններին, մասնակիորեն թեթևացնում է նրանց պարտքերը:
Թեև տնտեսը սխալ էր գործել, սակայն իր ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց: Իսկ մեծահարուստը, զայրանալու փոխարեն, գովեց նրան:
Բոլորը, այդ թվում՝ մեծահարուստը, գիտեին, որ տնտեսի կատարածը հանցանք է: Եվ սա է պատճառը, որ տարօրինակ էր թվում գովելը՝ հանցանքի համար: Սակայն նա գովեց ոչ թե տնտեսի սխալ քայլը, այլ նրա պահվածքը՝ սխալ թույլ տալուց հետո:
Առակի խորհուրդն այն է, որ մենք այս աշխարհում Աստծո կողմից տնտես ենք նշանակված և պետք է տնօրինենք մեր հնարավորությունները՝ անիրավ տնտեսից տարբերվելով նրանով, որ մեր հնարավորությունները կարողանանք օգտագործել՝ նաև ի շահ մյուսների։
Ինչպես Մեծ պահքի մյուս կիրակիները, այս կիրակի ևս ժամը 11։00-ից եկեղեցիներում կանցկացվեն պատարագներ։