Այսօր լրանում է Առնո Բաբաջանյանի ծննդյան 103-րդ տարեդարձը
22 Հունվարի 2024, 14:37
Այսօր լրանում է հայ և խորհրդային ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար և ուսուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 103-րդ տարեդարձը։
Առնո Հարությունի Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևանում, ուսուցիչների ընտանիքում։ 1928 թվականին ընդունվել է Երեւանի կոնսերվատորիայի շնորհալի երեխաների խումբ։
Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը՝ «Պիոներական քայլերգ»-ը, Բաբաջանյանը գրել է 9 տարեկանում։ Նրա տաղանդը նկատել է Արամ Խաչատուրյանը։
1938 թվականին տեղափոխվել է Մոսկվա և անմիջապես ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի վերջին կուրս: Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիա (Բորիս Մ. Բեռլինի հատուկ դաշնամուրի դասարան)։
Պատերազմն սկսվելուց հետո մասնակցել է Մոսկվայի մերձակայքում պաշտպանական գծերի կառուցմանը, ապա տարհանվել Սարատով:
1942 թվականին վերադարձել է Երևան և ուսումը շարունակել կոնսերվատորիայում, անդամագրվել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միությանը։ 1946 թվականին մի խումբ երիտասարդ կոմպոզիտորների հետ ուղարկվել է Մոսկվա՝ կատարելագործվելու։
1947 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը, իսկ 1948 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան:
1947 թվականին Պրահայի Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնին արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրելյուդիա», «Վաղարշապատի պար» և «Տոկատա» դաշնամուրային պիեսների համար:
1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1952 թվականին ստացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, 1955 թվականին պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1956 թվականից կոմպոզիտորն ապրել և ստեղծագործել է Մոսկվայում, որտեղ մեծ ճանաչում է ձեռք բերել որպես երգահան: Նրա «Նոկտյուրնը» ստացել է ամենալայն ճանաչումը։
Կոմպոզիտորը շատ բան է արել գործիքային ջազի և երաժշտական ու թատերական ժանրերի ասպարեզում։ Գրել է «Քեռի Բաղդասար», «Հարսնացուն հյուսիսից», «Իմ սիրտը լեռներում է» մյուզիքլները։
1973 թվականին Տոկիոյում կայացած Համաշխարհային երգի մրցույթում «Ferris Wheel» երգի համար Բաբաջանյանը ստացել է «աշխարհի լավագույն կոմպոզիտորների» առաջին մրցանակը՝ առաջ անցնելով իր հայտնի մրցակցից՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրենսիս Լեյից, որի երաժշտությունը «Սիրո պատմություն» և «Տղամարդ և կին» ֆիլմերը գերել են ողջ աշխարհը։
Կոմպոզիտորը մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին Երեւանում։