Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ արցախյան կորուստների ցավը մեր սրտում. Վեհափառ

24 Ապրիլի 2025, 11:50

Քաղաքականություն

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդը հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում Վեհափառը կարճ ուղերձ է փոխանցել:

«Այսօր, սիրելինե՛ր, ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում: Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձրունքին մեր հոգևորականաց և մեր ազգի զավակաց հետ միասին աղոթքվեր առաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին՝ իր հոգու ցավն ու տրտմությունը և տառապանքն ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը և կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը:

Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս, հայրենաշինության իր առաքելության նվիրական իր ճանապարհին: Տիրոջ սերն ու ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»,- մասնավորապես ասել է Վեհափառը: