Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է
03 Հոկտեմբերի 2024, 14:10
Ս. Սահակն ու Ս. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, և իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի հետ սահմանված այցելություն են կատարում:
Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: Մերուժանը սարսափում է կտտանքներից և մուսուլմանություն ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Համազասպն ու Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի:
Դահիճները 786 թվականին նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Սահակին, ապա Համազասպին՝ այրելով նրանց մարմինները: