Այսօր Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների հիշատակության օրն է
17 Դեկտեմբերի 2024, 12:35
Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան նահատակվել են 303 թվականին Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Լինելով քրիստոնյա` նա ընդդիմացել է թագավորին` չերկրպագելով կուռքերին, որի համար վառված հնոցի մեջ է նետվել: Սակայն սուրբը հրաշքով փրկվել է, և թագավորն ավելի է զայրացել և նրան բանտ նետել: Այդ ժամանակ թագավորը կանչել է Թեովնաս մոգին և խնդրել, որ կախարդություններով հաղթի Ս. Թեոպոմպոսին: Սակայն Թեովնասը պարտվելով վերջինից՝ հավատում է Հիսուս Քրիստոսին, որի պատճառով էլ կենդանի թաղվում է խոր փոսում, իսկ Թեոպոմպոսը` գլխատվում:
Ս. Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը նահատակվել են նույն ժամանակ Նիկոմիդիայում, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Նրանք այն չորս զինվորներն էին, որոնք պահպանում էին Ս. Թեոպոմպոսին: Բայց տեսնելով նրա համբերությունն ու անկոտրում հավատը` դարձի են գալիս և քրիստոնյա դառնում: Դիոկղետիանոս կայսրն, իմանալով այդ մասին, կանչում է նրանց, պատիվներից, հարստություններից զրկում և բանտարկում: Անասելի տանջանքներ կրելուց հետո Քրիստոսի երանելի վկաները նահատակվում են: