Այսօր Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է

01 Հուլիսի 2023, 14:20

Մշակույթ

Qahana.am կայքը հայտնում է, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 1-ին նշում է Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը։

Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաև Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները:

Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում Հայոց աշխարհում: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Ս. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը: