Այսօր Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օրն է
30 Հունիսի 2024, 10:03
Ս. Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:
Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած Վահանը մեծացել էր արաբական միջավայրում, բայց գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա, և ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին, և վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ և տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին և վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը` նահատակվում է 737 թվականին՝ դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգում են հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է: Այս մասին գրում է qahana.am-ը։