Այսօր շատ կարևոր է անդադար խոսել Արցախի, Հայոց ցեղասպանության մասին․ Յենս դը Ռայկեն

23 Ապրիլի 2024, 14:33

Կարծիք

Արցախյան պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը ուղիղ կապ ունեին իրար հետ։ Alpha News— հետ զրույցում նման համեմատություն է անցկացրել լրագրող, «Մոռացված պատերազմը» գրքի հեղինակ Յենս դը Ռայկեն։

«Պատերազմի ժամանակ եմ Արցախում եղել և իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես ուղիղ կապ ունեին այդ պատերազմը և Հայոց ցեղասպանությունը: Հայերն իրենք են տեսնում այդ կապը և սա ամենաողբալին է: Ցեղասպանության տրավման փոխանցվել է սերունդներին: Եվ այդ տրավման ինձ համար ակնհայտ դարձավ, երբ տեսա ավերակները, հայկական եկեղեցիների, հայկական հետքի ավերակները: Եթե ոչինչ չփոխվի՝ նույն տեսարանն է լինելու Արցախում: Ադրբեջանն էլ հիմա այնտեղ է ոչնչացնում հայկական եկեղեցիները, հայկական հետքի, մշակույթի բոլոր ապացույցները»,- ցավով նկատել է մեր զրուցակիցը։

Լրագրողն ասել է, որ Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան 2020 թվականին ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։

«Թուրքիայում մինչև հիմա Ցեղասպանության հարցը զգայուն է ընկալվում: Նրանք դեռ չեն կարողանում խոսել ցեղասպանության մասին, ասում են, թե եղել են զանգվածային կոտորածներ երկու կողմից, հայերը նույնքան մեղավոր են, ինչքան թուրքերը: Թե ինչքան են նրանք սխալվում, ես հասկացա, երբ հետազոտում էի պատմությունը՝ գիրքս գրելու համար: Օսմանյան կայսրությունը 20-րդ դարում իրագործել է Հայոց ցեղասպանությունը, Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան 2020-ին ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում:

Մենք դա տեսել ենք նույնքան հստակորեն: Հայոց ցեղասպանության համար պատմականորեն պատասխանատուները ներգրավված են հայերի զանվածային սպանության դրվագներով մեկ այլ հակամարտության մեջ: Գուցե չգտնեք ուղիղ կապ 1915-ի և 2020-ի մոտիվներ միջև, բայց կտեսնեք նույն ակտորին՝ ներգրավված հայերի դեմ գործողություններում»,- ընդգծել է Յենս դը Ռայկեն։

Նա նկատել է, որ այսօր շատ կարևոր է անդադար խոսել Արցախի, Հայոց ցեղասպանության մասին։ Լրագրողը նաև ասել է, որ այժմ բանակցային դիրքերից Ադրբեջանն առաջատար է Հայաստանից։

«Ադրբեջանը բացահատ ու պարզ հայտարարում է իր նպատակները: Ադրբեջանը ցանկանում է «Զանգեզուրի միջանցք», նրանք Սյունիքը անվանում են Արևմտյան Ադրբեջան: Նրանք ունեն ավելի լավ բանակցային դիրքեր, որովհետև այս պահին ավելի լավ վիճակում են ռազմական կարողությունների առումով: Նրանք ցանկանում են հասնել իրենց նպատակներին՝ նախ բանակցություններով, եթե հնարավոր լինի, եթե ոչ՝ ռազմական ուժով:

Թուրքիան իսկապես ցանկանում է կայուն Հարավային Կովկաս, քանի որ այդ կերպ ավելի հեշտ կկարողանա տարածել իր ազդեցությունը: Բայց Թուրքիայի գլխավոր նպատակը ևս Հայաստանի, Սյունիքի տարածքով միջանցքն է: Ցանկանում են սրան հասնել բանակցություններով, բայց որ այդ բանակցությունները լինեն իրենց պատկերացումներով, իրենց ստանդարտներով՝ առանց հաշվի առնելու Հայաստանի սուվերենությունը և Հայաստանի նպատակները»,- ասել է մեր զրուցակիցը։

Յենս դը Ռայկեն նշել է, որ հայերը չեն համաձայնի փակել Ցեղասպանության էջը, ինչպես Թուրքիան է փորձում անել։ Նրա կարծիքով՝ կարևոր է ունենալ բաց երկխոսություն։

Յենս դը Ռայկեն լրագրող է Բելգիայից: Նա Արցախում է եղել 2020-ի պատերազմի օրերին և լուսաբանել է Ադրբեջանի ագրեսիան միջազգային լրատվամիջոցների համար: Պատերազմից հետո հեղինակել է «Մոռացված պատերազմը» գիրքը՝ հետազոտական աշխատանք կատարելով նաև՝ իր իսկ ձևակերպմամբ Արևմտյան Հայաստանի տարածքում: Կարծում է, որ այն, ինչ կատարվեց Արցախում, Հայոց ցեղասպանության ուղիղ արձագանքն էր: