Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը
22 Հունվարի 2024, 18:30
Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը։ Սա տարվա առաջին շաբաթապահքն է։ Այն հիշատակն է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից դրված պահքի, որից հետո նա Արածանի գետում մկրտեց արքայական ընտանիքն ու դարձի եկած ժողովրդին: Այս մասին հայտնում է qahana.am-ը։
Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Հայ եկեղեցական ավանդության համաձայն, այս շաբաթապահքը հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախքան քրիստոնեության դարձի եկած hայոց Տրդատ արքային, hայոց ավագանուն ու ողջ ժողովրդին մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում էլ պատվիրում պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության: Պետք է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն ընդհանրապես ոչինչ չէին ուտում, կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն, բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղր, և տարբերակում մտավ պահքի և ծոմի միջև. ծոմը պահքի ավելի խիստ տեսակն է:
Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնվում է հավատացյալի կամքին: Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: Առաջավորքին հաջորդող շաբաթ օրը նշվում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքը հաճախ կոչում են Սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը): Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում: Եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս. ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու ողջ հայ ժողովուրդը ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր:
Նաև՝ քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք և շոշափելիք (ձեռքեր), որոնցով մարդը մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել:
Ինչպես հայտնի է, Աստված աշխարհը և նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում: Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրամանը, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել: Այդ հրամանը մարդուն և ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում:
Իրականում, եկեղեցական պահքի մեջ կենտրոնական տեղ է գրավում առաջին հերթին ոչ թե որևէ ուտելիքիքից հրաժարվելը, այլ հատկապես վատ սովորույթներից, մեղքից հրաժարվելը և այս ճանապարհով Աստծո առաջ ապաշխարելը։