Այսօր Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց. Վեհափառ
18 Դեկտեմբերի 2025, 18:33
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում միասնական աղոթքից հետո ողջունեց հավաքվածներին։
«Այսօր հավաքվել եք հայոց հոգևոր կենտրոնում՝ վկայելով ձեր սերը հանդեպ մեր Սուրբ Առաքելական Եկեղեցու։ Սուրբ Էջմիածնն ամենքիդ տունն է, հարազատ հոգու օրրանն է ամեն մի հայի»,– ասաց նա։
Վեհափառը մեջբերեց հոգևոր հայրերին ու նշեց, որ հայոց ազգն ի սփյուռս աշխարհի կապված է Լուսավորչի աջին և Սուրբ Էջմիածնին, իսկ Մայր աթոռ սուրբ Էջմիածինն Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է։ Կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ հայոց պատմության մեջ եղել են ուժեր, որոնք կասկածի տակ են առել եկեղեցու զորությունը և փորձել են ծառայեցնել այն այլ շահերի ու թուլացնել պետությունը։ Մեր առաջ ծառացած անվտանգային մարտահրավերների պայմաններում Գարեգին Բ-ն կարևորեց հանրության մեջ հաշտության, հանդուրժողության ու միասնության ոգին զորացնելը, ինչպես նաև եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունների վերականգնումը։
«Հիմա ընդհակառակն է՝ շարունակվում են հարձակումները մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր։ Ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր և աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցու շուրջ, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր եկեղեցու պայծառության և մեր երկրի շինության համար։ Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, և բոլոր հայորդիներին ու ազգային կազմակերպություններին, որոնք ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ հակաեկեղեցական արշավի այս օրերին իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ եկեղեցու ազգօգուտ առաքելությանը»,– ասաց Գարեգին Բ-ն։
Հիշեցնենք, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները, մյուս կողմում` կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների և հակաեկեղեցական արշավ սկսած Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։