Այսօր թատրոնի և կինոյի մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է

04 Հուլիսի 2023, 20:45

Հայեր

Այսօր թատրոնի և կինոյի մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է: Ֆրունզե (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1930թ. հուլիսի 4-ին Լենինական քաղաքում՝ այժմյան Գյումրիում, տեքստիլ կոմբինատի աշխատողների բազմազավակ ընտանիքում: Դերասանն ուներ երկու անուն՝ Մհեր (այդպես էր նրա անունը տանը) և Ֆրունզիկ, որը նրան տվել էր հայրը՝ ի պատիվ հայտնի զորավար Միքայել Ֆրունզեի։

Մեծ արտիստը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև ԽՍՀՄ-ում ՝ բազմաթիվ հիշարժան դերեր խաղալով կինոյում։ Գործընկերները միշտ շատ ջերմ էին խոսում նրա մասին՝ պատմելով, թե ինչպիսի մարդ էր նա։

Ռեժիսոր Էլդար Ռյազանովը ասել է. «Ֆրունզիկ Մկրտչյանը մեր աշխարհի ամենահետաքրքիր արտիստներից է։ Նա ներքուստ անվերջ լուրջ է, և ամենազավեշտալի կերպարներն այնպես է խաղում, որ անհնար է չծիծաղել, բայց, միևնույն ժամանակ, պահպանում է դիմախաղերի լրջությունը: Այս ամենը նրա տաղանդի զարմանալի ապացույցն է: Նա խաղում է այնպես, ինչպես շնչում է և խոսում, քանի որ աներևակայելի օրգանական է»:

Դերասան և ռեժիսոր Ռոլան Բիկով պատմել է. «Այս մարդը մեծ ուրախություն էր կրում իր մեջ, նույնիսկ երջանկություն: Հանդիսատեսի համար ևս երջանկություն էր նրա խաղը տեսնելը: Ես անչափ հպարտ եմ, որ հենց ես եմ նրան բացահայտել մեր մեծ կինոյի համար։ Նա հմայքի մարդ էր՝ հյուսված կատակներից, հյուսված հաղորդակցությունից: Նա դերասան է եղել իր ամբողջ կյանքում, ամեն վայրկյան»։

Անվանի արտիստի անունով է կոչվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկը, ինչպես նաև փողոցներ Հայաստանի այլ քաղաքներում: