Այսօր Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օրն է

08 Հոկտեմբերի 2024, 13:45

Մշակույթ

Ս. Թեկղին (Ա դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկանում լսել էր Ս. Պողոս առաքյալի քարոզը, դարձի եկել: Որոշել էր չամուսնանալ և իր կյանքը նվիրաբերել Քրիստոսի խոսքը քարոզելուն: Թեկղիի մայրը, զայրանալով աղջկա որոշման վրա, գանահարել և ցանկացել է այրել նրան: Սակայն հորդառատ անձրևը թույլ չի տվել, որ կրակը բորբոքվի: Կույսը մեկնել է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվել է վայրի գազանների առաջ, որոնք չեն վնասել նրան: Ի վերջո նա Կիլիկիայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մենաստանում առանձնացել է, նվիրվել  Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկել և խնամել, ապրել է  90 տարի:

Ս. Վառվառան (†շուրջ 306) նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք, Փյունիկյան Իլիոպոլիս քաղաքում: Նա լսելով իր հայրենի քաղաքի քրիստոնյաների քարոզը, այնտեղ էլ մկրտվել է: Վառվառան կարգադրել է իրենց նորոգվող տան պատուհաններից մեկը խաչաձև սարքել, որի համար Վառվառայի հեթանոս հայրը չարչարանքների է մատնել նրան: Ս. կույսը երկարատև տնային բանտարկությունից հետո էլ չի ուրացել իր հավատը և դատարանի որոշմամբ գլխատվել է հոր կողմից: Քիչ ժամանակ անց դաժան դատավորն ու կույսի հայրը այրվել են կայծակից:

Ս. Պեղագեա Տարսոնացին (†290) մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ էր, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Նա մկրտվել է և իր թանկարժեք զգեստները վաճառելով` գումարը բաժանել է աղքատներին և կարիքավորներին: Կույսը մերժել է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Պեղագեան իբրև քրիստոնյա հանձնվել է կայսերական դատարանին, չարչարվել, և հավատը չուրանալու համար այրվել է հրաշեկ հնոցում:

Հիմա եթերում