Այսօր վարվող քաղաքականությունը լուրջ սպառնալիք է Հայաստանի ապագայի համար. Թաթուլ Մանասերյան
04 Օգոստոսի 2023, 12:01
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն անհիմն է համարում այն պնդումները, որ, եթե ռուսական կապիտալը դուրս բերվի Հայաստանից, չնայած Հայաստանի համար աղետալի վիճակին, կարճ ժամանակ անց Հայաստանն այդ դժվարությունն էլ կհաղթահարի եւ ոտքի կկանգնի:
«Նույնիսկ Արեւմուտքի անդրազգային բոլոր կորպորացիաները երազում են ռուսական շուկայի մասին ու այս կամ այն կերպ, այսօր էլ միջնորդավորված ձեւով փորձում են պահպանել իրենց կապերը՝ մինչեւ ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, որից հետո նորից իրենց դիրքերն ապահովեն։ Այս դեպքում ի՞նչ տրամաբանությամբ Հայաստանը պետք է կտրվի իր թիվ 1 առեւտրային գործընկերոջից՝ Ռուսաստանից։ Անգամ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելով՝ Արեւմուտքը երբեք Հայաստանին չի արգելել առեւտրատնտեսական կապեր ունենալ Իրանի հետ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետը շեշտեց՝ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրամիության անդամ որեւէ պետություն Ռուսաստանի հետ կապերը խզելու դիմաց Հայաստանին չի խոստացել անվտանգային որեւէ երաշխիք։
«Անգամ էներգետիկ անվտանգությունը չեն կարող ապահովել։ Այդ տխմարությունները հնչեցնողներն ովքե՞ր են, հիմնավորումներ, փաստարկներ ունե՞ն, թե՞ իրենց կերակրող աղբյուրներից հրահանգներ են ստանում՝ մարդկանց պարզ մտածողությունը խաթարելու համար»,- նկատեց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետը պաշտոնական թվեր ներկայացրեց. 2022 թ․ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 21 մլրդ դոլար։ Մանասերյանի գնահատմամբ՝ անցյալ տարի 12 մլրդ դոլար է Ռուսաստանից մտել մեր երկիր, որից 5 մլրդը բանկային համակարգով է մուտք եղել:
«Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ կանխիկ գումարն ավելի շատ է մուտք գործում, որովհետեւ միամտություն կլիներ կարծել, որ Երեւան այցելելուց առաջ բոլորն այնտեղից փոխանցում են անում Հայաստան ու գալիս են այստեղ, ստանում այդ գումարը։ Կանխիկը դեռ շատ երկար, միջպետական փոխանցումների ժամանակ պետք է իր որոշակի տեսակարար կշիռը պահպանի։ Այս պայմաններում, դրա հաշվին է նաեւ արժեւորվել ազգային արժույթը եւ դրա հաշվին են նաեւ Հայաստանի իշխանությունները կարողացել արտաքին պետական պարտքը նվազեցնել 20%-ով, որովհետեւ 20%-ով արժեւորվել է արժույթը։ Եվս 20%-ով էժանացել է ներմուծումը։ Այս պարագայում, 2022 թ․ ոչ թե 14% տնտեսական աճ պետք է գրանցվեր Հայաստանում, այլ եթե ունենայինք նվազագույն տնտեսական հնարավորություններ, ապա մեր տնտեսական աճը պետք է 20%-ից ավելին լիներ։ Ավելին՝ եթե տնտեսական աճից հանենք այն բաղադրիչները, որոնց մասին ես խոսեցի, ապա մենք կարող ենք նույնիսկ 0-ից ցածր իրավիճակ ունենալ՝ այն, ինչ սպառնում է Հայաստանին՝ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո»,- նշեց տնտեսագետը։
Մանասերյանի համոզմամբ՝ այսօր վարվող քաղաքականությունը լուրջ սպառնալիք է մեր երկրի ապագայի համար։ Տնտեսագետը, ներկայացնելով ԵԱՏՄ-ի տվյալները, հիշեցրեց, որ այդ կազմակերպությանն անդամակցելու տարիներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը տասնապատկվել է։
«Նման ցուցանիշ կարո՞ղ եք ուրիշ տեղ գտնել, ընդ որում՝ ԵԱՏՄ-ում ուրիշ երկիր, ներառյալ՝ Ռուսաստանը, չունի այդպիսի տնտեսական ցուցանիշ։ Հիմա հարց եմ տալիս՝ Հայաստան, աշխարհում կա՞ այդպիսի երկիր, որն ուզում է ինտեգրվել համաշխարհային տնտեսությանն առանց տարածաշրջանային տնտեսությանն ինտեգրված լինելու: Թո՛ղ որեւէ մեկին չթվա, թե մեկը ռուսամետ է, մյուսն՝ արեւմտամետ, այստեղ ողջամտություն պետք է ունենալ:
Հայաստանն, առանց այդ էլ, հարեւանների հետ լուրջ տնտեսական կապեր չունի, իսկ տարածաշրջանում այդպիսի հնարավորություն ընձեռված է ԵԱՏՄ–ի կողմից: Ներկայիս իշխանությունը, երբ ընդդիմություն էր, այդպիսի տգիտություն արեց խորհրդարանում եւ ամոթալի ձախողում ունեցավ: Չկարողացան պատասխանել իմ հարցին, թե ի՞նչ հարց է լուծվելու, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից: Անգրագետ, ապազգային կեցվածքով այս մարդիկ փորձում են իրենց զառանցանքներն անցկացնել որպես արտաքին, ներքին քաղաքական դիրքորոշումներ»,- եզրափակեց տնտեսագետը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին տված ասուլիսում խոսել էր այն մասին, թե որ դեպքում ռուս խաղաղապահները կարող են դուրս գալ Լեռնային Ղարաբաղից: Նա հիշեցրել էր, որ Ռուսաստանի Դաշնային ժողովը նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ էր տվել խաղաղապահ զորախումբ գործուղել Արցախ՝ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար:
«Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, դա առնվազն նշանակում է, որ այնտեղ զանգվածային սպանդի վտանգ այլեւս չկա: Եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացնել: Իսկ եթե չկա նման վտանգ, դա նշանակում է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում գտնվել է արդյունավետ եւ կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն այլեւս չկա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Այս հայտարարությունից հետո մերձիշխանական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ եթե Ռուսաստանը հանի իր խաղաղապահներին Արցախից, ապա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ մեր երկրում ռուսական ներկայությունը սահմանափակվի: Կարծիք է հնչում, որ պետք է օրինակ՝ ռուսական ռազմաբազան, կապիտալը դուրս բերվեն Հայաստանից: Սա, ըստ նրանց՝ աղետալի կլինի Հայաստանի համար, բայց այդ վիճակը կտեւի մեկ-երկու տարի, հայ ժողովուրդը դա էլ կհաղթահարի: