Այսօրվա իշխանությունները չպետք է շարունակեն ղեկավարել՝ բոլորիս հայտնի պատճառներով․ Սարգիս Գրիգորյան

04 Հունիսի 2024, 22:30

Կարծիք

Երբ լսում եմ, որ մարդիկ տարանջատում են հային՝ անվանելով արցախցի, տավուշցի, լոռեցի, ասում եմ՝ հանեք այդ տարբերակումները, մենք բոլորս հայ ենք։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց դերասան Սարգիս Գրիգորյանը։

«Եկավ մի շրջան, որ արցախահայերը շատացան, և նրանց պետք էր միավորել։ Եվ այնպես ստացվեց, որ առաջացավ նրանց համախմբելու, միմյանց հետ ծանոթանալու, ավանդույթները պահելու գաղափար։ Եվ նման միջոցառում Գլենդելում արդեն իսկ իրականացվել է։ Բայց երբ լսում եմ, որ մարդիկ տարանջատում են հային՝ անվանելով արցախցի, տավուշցի, լոռեցի, ասում եմ՝ հանեք այդ տարբերակումները։ Մենք բոլորս հայ ենք, և այդ տարանջատումը մեր մեծ ողբերգություններից մեկն է, մենք այնքան մեծ չենք, որ իրար տարանջատենք։ Մի բուռ հայրենիք է մնացել, և դրանք էլ առանձնացնել թաղ առ թաղի, բակ առ բակի, ողբերգություն է, և իր հետքը թողնում է»,- ասաց Գրիգորյանը։

Նա ընդգծեց՝ Սրբազան պայքարը պետք է հաջողությամբ պսակվի, և սուտը պետք է մաքրվի։

«Այսօրվա իշխանությունները չպետք է շարունակեն ղեկավարել՝ բոլորիս հայտնի պատճառներով։ Իսկ ինչ վերաբերում է Սրբազան պայքարին, ապա ես շատ կուզեմ, որ այն պսակվի հաջողությամբ։ Ես հետևում եմ նրանց, և ինչպես Բագրատ Սրբազանն է ասում՝ ճշմարտությունը հաղթի, քանի որ այնքան է սուտը, ատելությունը լցվել, որ հասկանում ես՝ բոլորը Հայրենիք են փնտրում»,- եզրափակեց Գրիգորյանը։