Այսօրվա միջնորդությունը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ․ Վարդևանյան

14 Օգոստոսի 2025, 23:13

Քաղաքականություն

Երբ ասում ենք, որ սա իրավական աբսուրդ է, մենք դա ամենայն լրջությամբ ենք ասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ինձ, մեր գործընկերներին շատ դժվար է խոսել այս գործի մասին։ Գիտեք, երբ լինում է մի գործ, որտեղ կա իսկապես գործ, գոնե քննարկում ենք դրա հանգամանքները։ Երբ չկա գործ, բայց անունը դրվում է գործ, մեր գործն ավելի է դժվարանում։ Իսկապես, երբ մենք ասում ենք՝ սա իրավական աբսուրդ է, մենք ամենայն լրջությամբ ենք ասում, ոչ թե գնահատական ենք հնչեցնում, այլ պարզապես օբյեկտիվ իրականությունն ենք արձանագրում, որը մեր աշխատանքն է՛լ ավելի է դժվարացնում, քանի որ երբ գործ ունես իրավական աբսուրդի հետ, բախվում ես մի անհասկանալի իրականության։ Կրկին, այսօրվա միջնորդությունը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ, իսկապես որևէ առնչություն չունի»,- նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ Կարապետյանի արտահայտության մեջ հանցակազմ չի կարող լինել, հատկապես, երբ խոսքը գնում է Մայր Աթոռը պաշտպանելու մասին։

«Իրավական պրոցեսի մասին խոսելիս պետք է ասեի, որ, օրինակ, Սամվել Կարապետյանի ենթադրյալ առնչության հետ կապված այսպիսի մի տվյալ է վկայակոչում, բայց չկան դրանք։ Հիմա, եթե չկան դրանք, ի՞նչ գնահատական կարող ենք տալ։ Բայց եթե մենք իսկապես խոսում ենք ժողովրդավարական արժեքների մասին իրական տիրույթում, այսինքն՝ ոչ թե զուտ խոսում ենք, այլ իսկապես ուզում ենք ապրել ժողովրդավարական արժեքներով, ապա, իհարկե, հանցակազմ չի կարող լինել նրա արտահայտության մեջ։ Հատկապես, երբ խոսքը գնում է մեր բոլորի Մայր Աթոռը պաշտպանելու մասին»,- եզրափակել է փաստաբանը։