Սահմանը զատում են, հետո նոր որոշում, թե որտեղ ինչ գծեն․ Բագրատ Սրբազան

01 Հունիսի 2024, 19:00

Քաղաքականություն

Մեզ մնում է ասեն՝ չշնչեք հանկարծ, որ պատերազմ չլինի։ Այս մասին Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Մեր կյանքի ողջ կոնցեպտը փոխվել է, դրա համար էլ մեզ այսօր պատերազմով են վախեցնում, մահերով են վախեցնում։ Եվ մեզ մնում է ասեն՝ չշնչեք հանկարծ, որ պատերազմ չլինի։ Եթե մենք մեր ինքնության, գոյության համար չենք պայքարելու, մեր տղաներին ինչու մատաղ արեցինք, ինչու նրանց կյանքերը զոհեցինք»,- ասաց նա։

Սրբազանը ընդգծում է՝ այսօրվա վախկոտը, ստախոսը հայրենիքը կտոր-կտոր, առանց որևէ օրենքի ոչ թե սահմանագծում, այլ սահմանազատում է։

«Մենք մեր պայքարը սկսել ենք Տավուշից, Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսիս մեր հայրենակիցների հետ միասին այս հակաօրինական, հակասահմանադրական հանցանքը կանխելու, որը միակողմանի զիջումներով այսօրվա վախկոտը, ստախոսը մեր հայրենիքը կտոր-կտոր, առանց որևէ օրենքի ոչ թե սահմանագծում, այլ սահմանազատում է կատարում։ Նրանք սահմանը չեն գծում, որ հետո զատեն, այլ միանգամից սահմանազատում են, հետո որոշում են, որտեղ ինչ գծեն։ Մեր կիրանցիներին տնազրկել են ու կաշառում են, բայց դրանով մարդու էությունը, պատիվը հետ կգնե՞ս։ Չես գնի»,- նշեց Բագրատ Սրբազանը։