Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նիստում. թուրք պատգամավոր
29 Սեպտեմբերի 2023, 15:52
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մեւլութ Քարաքայան հայտնել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված իր առաջարկն ընդունվել է ՆԱՏՕ ԽՎ–ի օրակարգ։
Թուրքիայի ազգայնականներին պատկանող UlkucuMedya կայքի փոխանցմամբ՝ ազգայնական պատգամավոր Մեւլութ Քարաքայան հայտնել է, որ ՆԱՏՕ ԽՎ–ի համաժողովի օրակարգում ներկայացրած «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված իր առաջարկն ընդունվել է։
Նա ասել է՝ իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգության մասով դրական ազդեցություն կունենա։
Թուրք ազգայնական պատգամավորը պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքը» չպետք է դիտարկել միայն տնտեսական կամ էներգետիկ շահի տեսանկյունից, այդ միջանցքը միեւնույն ժամանակ դեպի թյուրքական աշխարհ եւ Թուրան բացվող ճանապարհ է։